Իրանը Մերձավոր Արևելքում վնասել կամ ոչնչացրել է ԱՄՆ-ի առնվազն 228 ռազմական օբյեկտ, սակայն ամերիկյան իշխանությունները բացահայտորեն չեն ընդունում վնասի իրական մասշտաբները։ Այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ հիմնվելով արբանյակային լուսանկարների վերլուծության վրա։
Պարբերականի տվյալներով՝ Իրանն իր օդային հարվածների ընթացքում խոցել է անգարներ, զորանոցներ, վառելիքի պահեստներ, ռադարներ, կապի համակարգեր և ՀՕՊ սարքավորումներ։ Օդային հարվածների սպառնալիքի պատճառով ԱՄՆ-ն չի կարողանում լիարժեքորեն շահագործել տարածաշրջանում գտնվող իր բազաները։ Թերթի զրուցակիցների փոխանցմամբ՝ գործողության սկզբում անձնակազմի մեծ մասը տեղափոխվել էր այլ օբյեկտներ (իրանական հրթիռների հասանելիության գոտուց դուրս)։
Թերթի հետ զրուցած փորձագետները կարծում են, որ ԱՄՆ զինվորականները թերագնահատել են թիրախների վրա հարվածային համակարգերն ուղղորդելու Իրանի կարողությունները, չեն հարմարվել ժամանակակից ԱԹՍ-ներից պաշտպանվելուն և չեն ապահովել մի շարք բազաների բավարար պաշտպանությունը։ Փորձագետների կարծիքով՝ Իրանի հարվածները էական ազդեցություն չեն ունեցել ամերիկյան զինված ուժերի՝ ռմբակոծություններ իրականացնելու կարողության վրա։
Իր հետաքննության համար թերթն օգտագործել է Իրանի կողմից հրապարակված արբանյակային լուսանկարները։ Պարբերականը նշում է, որ լուսանկարներում խմբագրման հետքեր չի հայտնաբերել։ Արբանյակային լուսանկարների ոլորտում մասնագիտացած ամերիկյան Vantor և Planet ընկերությունները, ԱՄՆ կառավարության պահանջով, սահմանափակել են տարածաշրջանի այն պատկերների հասանելիությունը, որոնք արվել են Իրանում ԱՄՆ գործողության ժամանակ, նշում է WP-ն։



