Մենք շատ կցանկանայինք տրանսպորտային հաղորդակցություն հաստատել Չաբահար նավահանգստի և Հայաստանի միջև, քանի որ դրա մեջ տեսնում ենք Հնդկաստանի, Կովկասի և Եվրոպայի միջև կապի ևս մեկ ուղղություն, որը ձեռնտու կլինի բոլորին։ Այս մասին մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ հյուպատոսական, անձնագրային-վիզային և արտերկրյա գործերով քարտուղար Շրիպրիյա Ռանգանաթանը։
Նա նշել է, որ ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում գիտակցել այլընտրանքների առկայության անհրաժեշտությունը, այդ թվում՝ սպառողներին ապրանքների տեղափոխման հնարավորությունների տեսանկյունից։
Ռանգանաթանը հայտնել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը հսկայական ազդեցություն է ունեցել Իրանի վրա՝ Պարսից ծոցի երկրների գործընկերների հետ ունեցած սերտ տնտեսական կապերի պատճառով։ «Այդ երկրների հետ մեր առևտրաշրջանառությունը գերազանցում է 200 միլիարդ դոլարը։ Մենք նշանակալի ներդրումային կապեր ունենք այդ պետությունների հետ։ Մեր նավթի և գազի զգալի մասը ստանում ենք այդ երկրներից։ Մենք նաև պարարտանյութեր ենք գնում այնտեղից։ Ոչ պակաս կարևոր է այն փաստը, որ Պարսից ծոցի երկրներում ունենք 10 միլիոնանոց համայնք, որի բարեկեցությունն ու անվտանգությունն առաջնահերթ նշանակություն ունեն մեր համար»։
«Այժմ մենք ձգտում ենք հասնել Հորմուզի նեղուցով մեր բոլոր նավերի նավագնացության ազատությանը, և հուսով ենք, որ դա թույլ կտա մեզ արագորեն վերականգնել բնականոն իրավիճակը։ Ստեղծված կացությանը դիմակայելու համար մենք ստիպված էինք էապես վերանայել մեր ռազմավարությունը։ Մեզ հաջողվել է դիվերսիֆիկացնել մատակարարման աղբյուրները։ Այսօր մենք նավթ և գազ ենք գնում 41 մատակարարից, ինչը զգալի քայլ է մեր գնումների ռազմավարության մեջ։ Դա մեզ որոշակի ճկունություն է տվել։ Սա դեռևս բավարար չէ, սակայն իրավիճակը բարելավվել է», - եզրափակել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։



