Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է Իրանի շուրջ հակամարտության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին, ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Այս պատերազմի ելքը և դրա հետևանքները դեռևս որոշված չեն: Մենք պատրաստվում ենք բոլոր սցենարներին, որոնք միայն կարելի է պատկերացնել»,- ասել է նա: Ըստ կանցլերի՝ Էկոնոմիկայի նախարարությանը կից ստեղծվել է պետքարտուղարների կոմիտե, որն ամեն օր հետևում է շուկայում տիրող իրավիճակին: Մերցը հայտնել է նաև, որ կառավարությունը կապի մեջ է ծառայություններ մատուցողների, նավթարդյունաբերության ձեռնարկությունների և նավթավերամշակման գործարանների հետ:
Հակամարտությունն արդեն զգալիորեն հարվածում է գերմանացի սպառողներին. ապրիլը դարձել է վառելիքի գների ռեկորդային ամիս դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում, հայտնել է Համագերմանական ավտոմոբիլային ակումբը:
Որպես հակաճգնաժամային միջոց՝ ապրիլի 1-ից լցակայաններին թույլատրվում է գները բարձրացնել օրական միայն մեկ անգամ՝ կեսօրին։ Ապրիլի 24-ին Բունդեսթագը հավանություն է տվել մայիս և հունիս ամիսների համար բենզինի և դիզելային վառելիքի հարկերի նվազեցմանը՝ մեկ լիտրի համար 17 ցենտով, ինչը սպառողներին և բիզնեսին ընդհանուր առմամբ շուրջ 1,6 միլիարդ եվրոյի արտոնություններ կապահովի: Կառավարությունում շարունակվում են քննարկումները լրացուցիչ միջոցների շուրջ, եթե հակամարտությունն ավելի ձգձգվի:



