Վրաստանի որոշ բուհեր, ի նշան բողոքի, դադարեցր...

Վրաստանի որոշ բուհեր, ի նշան բողոքի, դադարեցրել են ուսումնական գործընթացը, հայտնում է newsgeorgia.ge կայքը:

Թբիլիսիի 2 մասնավոր բուհեր՝ Վրաստան համալսարանը և Կովկասի համալսարանը, դադարեցրել են ուսումնական գործընթացը՝ բողոքելով ԵՄ-ին երկրի ինտեգրումը փաստացի կասեցնելու իշխանությունների որոշման դեմ։

«Երկրում տիրող իրավիճակի պատճառով մենք դադարեցնում ենք դասերը: Կարծում ենք՝ այսօր բոլորի հիմնական պարտականությունն է Վրաստանը վերադարձնել եվրոպական ապագայի ուղի»,- ասվում է Վրաստանի համալսարանի ֆեյսբուքյան էջում։

«Տեղեկացնում ենք, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ուսումնական գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։ Ուսումնական գործընթացի վերսկսման մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է Կովկասի համալսարանի հաղորդագրության մեջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չներառել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների հարցը և հրաժարվել ԵՄ բյուջետային բոլոր դրամաշնորհներից։ 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ դրա պատճառները ԵՄ-ի մշտական ​​շանտաժն են՝ կապված անդամակցության երկխոսության մեկնարկի հետ, խորհրդարանի կողմից ընդունված մի շարք օրենքներ չեղյալ հայտարարելու պահանջները և վրացական իշխանությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը։

Կոբախիձեի հայտարարությունը դժգոհություն է առաջացրել որոշ քաղաքացիների մոտ: Նրանք հինգշաբթի սկսել են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ։ Հանրահավաքը վերաճել է ոստիկանների հետ ծեծկռտուքի, ինչի հետևանքով վիրավորվել են իրավապահներ, ցուցարարներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Հատուկջոկատայինները ցրել են ցուցարարներին։