Վրաստանի Սահմանադրական դատարանը գրանցել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է ekhokavkaza.com-ը, համապատասխան տեղեկությունը հրապարակվել է դատարանի կայքում։
Հայցը ներկայացվել է 19 նոյեմբերին և կապված է հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած խախտումների հետ։ Այն պետք է քննարկի պլենումը՝ Սահմանադրական դատարանի բոլոր ինը անդամները։
Վրաստանի խորհրդարանի ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 26-ին։ Պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանքը»՝ ստանալով ձայների գրեթե 54 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություն հաղթահարել է 5 տոկոսի շեմը։ Սակայն նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Նախագահը ևս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները կեղծված են: Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում: