«Վրաստանի նախագահի զերծ մնալը Իլհամ Ալիևին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելուց, վնաս է հասցնում մեր պետությանը»․ հայտարարել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին: Ծուլուկիանիի խոսքով՝ Զուրաբիշվիլիի չշնորհավորելու ցանկությունը «նշանակում է քաղաքական կուրություն»:
«Մենք ցանկանում ենք բոլորին հիշեցնել, հիշեցնել մեր նախագահին, որ վերջին տարում տարածաշրջանում մեծացել են աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը, և Վրաստանի կառավարությունը ներկայումս աշխատում է այդ ռիսկերի ապահովագրման ուղղությամբ։ Այս ֆոնին նախագահը, որը գերագույն գլխավոր հրամանատարն է, ձեռնպահ է մնում մեր հարևան, գործընկեր, բարեկամ պետության ղեկավարին շնորհավորել ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Սա նշանակում է քաղաքական կուրություն, բայց ոչինչ, կարծում եմ՝ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է իր, այսպես կոչված, շեֆերից առաջադրանքներ կատարել, ու մենք պետք է դրանով զբաղվենք։ Նրա նպատակը, որպես նախագահի, պետք է լինի նախօրոք ապահովագրել մեր երկրի վտանգները, հնարավորինս շատ բարեկամական, գործընկերային հարաբերություններ ունենալ լավագույն հարևանների հետ, որոնց թվում է նաև Ադրբեջանը, թեև, թվում է, նրա նպատակն է ավելի շատ ռիսկեր ունենալ այս հարցում, մեծացնել տնտեսական սպառնալիքները և այլն։ Սա, մեղմ ասած, ցավալի է։ Նաև չի կարող արդարանալ այն բացատրությամբ, որ հաղթանակը դեռ վերջնականապես հաստատված չէ, հետևաբար, Ալիևին չի շնորհավորում։ Հիշում ենք գոնե մեկ օրինակ, երբ տիկին Սալոմեն Մակրոնին շնորհավորեց ընտրությունների արդյունքների պաշտոնական հաստատումից առաջ, ինչը բնական էր ու ողջունելի»,- ասել է Թեա Ցուլուկիանին։