Նիցցայի քաղաքային խորհուրդը Բաքվում պահվող հա...
Նիցցայի քաղաքային խորհրդի կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին քաղաքի պատվավոր քաղաքացի հռչակելուց հետո նրա հովանավորչությունը ստանձնած՝ Մարինե Պետրոսյանը, իր հուզմունքն ու երախտագիտությունն է հայտնել նման նախաձեռնության կապակցությամբ։
Նա նշել է, որ հպարտ է Ռուբեն Վարդանյանի հովանավորչությունը ստանձնելու համար և ընդգծել, որ Արցախի հայ գերիները չափազանց երկար ժամանակ է՝ պահվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների լիակատար ոտնահարմամբ։
«Աղոթում ենք, որ մի օր Նիցցայում ընդունենք Ալիևի բռնապետական լծից ազատ արձակված հայ 20 պատանդներին»,- գրել է նա։
Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Նիցցայի քաղաքային խորհրդին՝ քաղաքապետ Էրիկ Սիոտիի նախաձեռնությանը հավանություն տալու համար։
Նշենք, որ նրա ավելի վաղ հրապարակման համաձայն՝ Նիցցայի քաղաքային խորհուրդն ընդունել է որոշում՝ Բաքվում պահվող հայ գերիներին քաղաքի պատվավոր քաղաքացիներ հռչակելու և նրանցից յուրաքանչյուրին քաղաքային խորհրդի անդամներից մեկի հովանավորությունը վստահելու մասին։