Շուրջ 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպան...

Ավելի քան 285,000 կանադացի ստորագրել է Համայնքների պալատին ուղղված էլեկտրոնային խնդրագիր՝ պահանջելով ԱՄՆ դեսպան Փիթ Հուկստրային հայտարարել «անցանկալի անձ» (*persona non grata*) և հետ կանչել նրան։

Այս տվյալները հրապարակվել են խորհրդարանի ստորին պալատի կայքում։

Խնդրագրի հեղինակները կոչ են անում Միացյալ Նահանգներին արձագանքել Հուկստրայի կողմից Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պարբերական խախտումներին, ինչպես նաև պահանջում են հետաքննել Կանադայի ներքին գործերին ամերիկյան միջամտության դեպքերը։

Փաստաթղթում նշվում է, որ Հուկստրան Կանադայի 2025 թվականի ընտրարշավը որակել է որպես «հակաամերիկյան», նվազեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կանադան որպես «51-րդ նահանգ» բռնակցելու սպառնալիքների լրջությունը, նաև մեղադրել է Օտտավային ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։

Ինչպես հայտնել է «CTV News»-ը, ստորագրահավաքը, որը նախաձեռնել էր Կանադայի Կանաչների կուսակցությունից խորհրդարանի անդամ Էլիզաբեթ Մեյը, անցկացվել է հուլիսի 21-ից նոյեմբերի 18-ը։ Ստորագրությունների թիվը զգալիորեն գերազանցել է խորհրդարանի կողմից խնդրագիրը քննարկման ընդունելու համար պահանջվող 500 ստորագրության շեմը։ Այժմ Մեյը կարող է պաշտոնապես ներկայացնել խնդրագիրը Համայնքների պալատ, ինչից հետո Կանադայի դաշնային կառավարությունը 45 օրացուցային օր կունենա՝ պատասխան տալու համար։