Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Դուբլինում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը՝ ընդգծելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման կարևորությունը ողջ տարածաշրջանի համար։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ երկու երկրների միջև կայուն խաղաղությունը Հարավային Կովկասի կայունության ու բարգավաճման առանցքային նախապայմաններից մեկն է։ Զախարովան շեշտել է, որ դրանում շահագրգռված են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև նրանց անմիջական հարևանները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան։
Անդրադառնալով բանակցային ձևաչափին՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Երևանի և Բաքվի՝ ուղիղ երկխոսություն վարելու ներկայիս նախընտրությանը, միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում կրկին աջակցել կողմերին օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ։



