Ռուսաստանի միջնորդությամբ իրականացվող հայ-ադրբեջանական կարգավորմանն ուղղված աշխատանքն այսօր էլ արդիական է․ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Դուբլինում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի միջև հանդիպմանը։
Զախարովայի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը առանցքային գործոն է ամբողջ Հարավային Կովկասի բարգավաճման համար։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ կարգավորման ներկայիս գործընթացը սկսվել է Մոսկվայի աջակցությամբ ու միջնորդությամբ․ «Թեև կողմերն այժմ նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ռուսական կողմը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, եթե նման անհրաժեշտություն առաջանա»։



