Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են,...

Վրաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի երկրում «մայդան» ու «ուկրաինացում» թույլ չտան. այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը, որը կոչվում էր «մայդան», աղետալի հետևանքներ է առաջացրել երկրի համար։

«Մեզ միշտ հիշեցնում են «մայդանը», ես ուզում եմ հիշեցնել, թե այն ինչ բերեց Ուկրաինային: Այն ժամանակ իշխանությունը դրսից էր նշանակվել այդ երկրում։ Սակայն մենք բոլորս լավ գիտենք, թե դրանից հետո ինչ կատարվեց Ուկրաինայում։ Մինչ այդ Ուկրաինան տարածքային ամբողջականությամբ և զարգացող տնտեսությամբ երկիր էր։ Այն ժամանակ Ուկրաինայի տնտեսությունը գրեթե 200 միլիարդ դոլար էր։ Այսօր երկիրը ավերված է, տնտեսությունը գտնվում է ծանր, աղետալի վիճակում», - ասել է Վրաստանի ղեկավարը։

Քաղաքական գործիչն առանձին ընդգծել է, որ վրացական իշխանություններն ամեն ինչ կանեն՝ Վրաստանում «մայդանը» ու «ուկրաինացումը» կանխելու համար։

Ուկրաինայի ԱԳՆ-ն չի անտեսել Կոբախիձեի հայտարարությունները «մայդանի» վերաբերյալ՝ դրանք անվանելով «ոչ բարեկամական»։ Նախարարությունը կոչ է արել վրացի քաղաքական գործիչներին զերծ մնալ նման հայտարարություններից և «Ուկրաինան չօգտագործել Վրաստանի ներքաղաքական պայքարում»։

Երկու պետությունների հարաբերություններում լարվածություն առաջացել է այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 25-ին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ չի նախատեսում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ Նույն տարվա մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Թբիլիսիում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովին հետ կանչելու մասին։