Վրացական անկյան բացում և հուշագրի ստորագրում․...

Հայաստանի և Վրաստանի ազգային գրադարանները նոյեմբերի 17-ին Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր, որը կամրագրի փոխգործակցության ընդլայնման, փոխայցելությունների կազմակերպման, մասնագիտական փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամությունը։

Երկու գրադարանների կապն առավել ընդգծելու նպատակով նույն օրը Հայաստանի ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում բացվել է վրացական գրականության անկյուն, որն ուղղված է երկու երկրների գրադարանների և մշակութային հաստատությունների միջև համագործակցության նոր հարթակի ձևավորմանը։

Կարևոր իրադարձությունների առթիվ Երևանում են եղել Վրաստանի Իլյա Ճավճավաձեի անվան ազգային գրադարանի տնօրեն Կոնստանտին Գամսախուրդիան, գրադարանային ռեսուրսների վարչության ղեկավար Լևան Թաքթաքիշվիլին և գրացուցակավորման բաժնի ղեկավար Բեկա Ղաժոնիան։

Միջոցառման շրջանակում գրադարանում բացվել է նաև «Վրացական գրական ժառանգությունը Հայաստանի ազգային գրադարանում. 1783-2025 թթ.» խորագրով ցուցադրությունը, որտեղ ընդգրկված են Հայաստանի ազգային գրադարանում պահվող վրացերեն արժեքավոր հրատարակություններն ու գրական թարգմանությունները՝ նպատակ ունենալով համակողմանիորեն ներկայացնել վրացական գրականության ներկայությունը գրադարանի հավաքածուներում և ընդգծել հայ-վրացական մշակութային կապերի պատմական շարունակականությունը։

Յոթ ցուցափեղկում ներկայացված են 115 միավոր գրականություն և այլ տպագիր նյութեր։

Ցուցադրության բաժիններն են՝ ՀԱԳ հավաքածուներում առկա վրացերենով վրացի հեղինակների աշխատությունները (1882-1990թթ),  վրացական գրականության հայերեն թարգմանություններ (1895-2020), հայ հեղինակների վրացերեն թարգմանություններ (1890-2023), արտասահմանյան հեղինակների վրացերեն թարգմանություններ (1900-ականներ), վրացերեն երաժշտագիտական նյութեր և նոտաներ (1900-ականներ), վրացերեն  ալբոմներ, նամականիշեր, մատենանիշեր, թղթադրամների նմուշներ։