Ողբերգական դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Mercedes...

Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 150 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes Vito մակնիշի ավտոմեքենան և Iveco մակնիշի բեռնատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 61 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն  ու ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը։

Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ՊԾ Վայոց ձորի մարզ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Միհրան Սիրեկանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Կարապետ Հարությունյանի, դասակի հրամանատար Գևորգ Գյուրջյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Կարապետ Օհանյանը, Վարդան Մխիթարյանը, կրտսեր պարեկներ Հայկ Ղամբարյանն ու Կարեն Առաքելյանը։

Այսքան շատ պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ մինչև նրանց գալը հետաքրքրասեր վարորդները մեքենաները կայանել էին և խցանում էին առաջացրել, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց ճանապարհը դարձավ անցանելի։

Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

 Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը բեռնատարի վարորդն է, ով ավտոմեքենայից իջել է ինչ-որ գործողություններ կատարելու համար ու Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել նրան և բախվել քարերին։

Վթարի մասին ոստիկանության Վայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արմինե Գևորգյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Օգսաննա Դանիելյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել ու եթե ճանապարհի մաքրման աշխատանքերը ճանշինը ժամանակին աներ, աղ ու ավազով մշակեր, վթարը տեղի չէր ունենա։ Իսկ ճանշինը ժամանել է վթարից մոտ 30 րոպե հետո, երբ այդ մասին նրանց տեղեկացրել են։ Mercedes-ի անվադողերն էլ ձմեռային են։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։