Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջամշլու-Գեղարոտ ավտոճանապարհին բախվել են Toyօta Camry մակնիշի 131 HH 11 համարանիշի, Nissan March մակնիշի և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արագածի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գևորգ Մելքոնյանն ու Սերգեյ Հովակիմյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Վթարի մասին ոստիկանության Արագածի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր, Վանաձորի քաղաքապետի նախկին թեկնածու Հրանտ Այվազյանն էր, ով Լոռու մարզում հարգանք էր վայելում, բարձր էին գնահատում նրա մարդկային հատկանիշները և միշտ աչքի էր ընկնում կարիքավորին օգնության հասնելու իր պատրաստակամությամբ:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարի հիմնական պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ ճանապարհը սպասարկող ճանշինը կարծես թե ոչ մի աշխատանք չի կատարել՝ ճանապարհը աղ ու ավազով մշակելու ուղղությամբ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։