Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները, որ Հայաստանում պետք է քրեականացնել Քրեական միջավայր ստեղծելը, հարելն ու ներգրավելը։
Օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է քրեական միջավայր ստեղծելու, ղեկավարելու, դրանում կամավոր ներգրավվելու և քրեական ենթամշակույթին հարելու ու այն տարածելու համար նախատեսել ու սահմանել համապատասխան պատժատեսակներ ու պատժաչափեր:
Այսօր արդեն Դատախազության աշխատողի եւ դատախազության կազմավորման 101-րդ տարեդարձի օրվան նվիրված միջոցառման ժամանակ այս մասին հրապարակավ խոսեց Վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկա մեր անելիքները շատ պարզ են՝ հանցագործը պետք է ստանա իր անխուսափելի պատիժը, Հայաստանից պետք է արմատախիլ արվի քրեական ենթամշակույթը, հանցագործի տեղը բանտում է: Հանցագործն ազատության մեջ պետք է հայտնվի այն պայմաններում, երբ մենք բոլորս ունենանք երախիքներ, որ հանրության համար նրա ազատության սպառնալիքները առնվազն կառավարելիության տիրույթում են»,-ասաց նա:
Նման հավակնոտ նախաձեռնությունը ողջունելի է, սակայն կան շատ մանրուքներ, որոնք կարող են խանգարել այս նախագծի իրականացմանը։ Պետք է հիշել, որ այս ենթամշակույթի գլխին կանգնած անձինք ունեն մեծ գումարներ, մեծ կապեր և, որ ամենակարևորն է, Հայաստանը շատ փոքր երկիր է, ու գրեթե բոլոր մարդիկ հեռու կամ մոտիկ բարեկամական կամ ընկերական հարաբերություններ ունեն «գողական» ենթամշակույթին հարող որևէ մեկի կամ մի քանիսի հետ։
Ամենագլխավոր հարցն այն է, թե ինչու՞ Վրաստանը կարողացավ, իսկ մեզ մոտ, հնարավոր է՝ չստացվի։ Առաջին հերթին պետք է հիշել, որ այս ենթամշակույթի ամենավերևում կանգնած մարդիկ գտվում են Ռուսաստանի Դաշնությունում ու կապեր ունեն ՌԴ իշխանությունների հետ։ Հայաստանում տարբեր հարցեր լուծելու համար կարող են օգտագործել իրենց էլիտար կապերը։ Իսկ Վրաստանի դեպքում բոլորովին այլ էր, քանի որ վրացական կողմը սկզբում մերժեց Ռուսաստանին, հետո միայն՝ «օրենքով գողերին»։ Դրանից հետո Ռուսաստանի «օրենքով գողերը» այլևս չկարողացան օգտագործել իրենց լծակները՝ Վրաստանի իշխանությունների վրա ազդելու համար։



