Դա ոչ միայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն է ասում, այլ նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հայտարարություններին, թե Նիկոլ Փաշինյանը ինչ-որ փուլում կտրուկ փոխել է իր տեսակետը, հրաժարվել է բանակցություններ վարել, ինչն էլ բերել է փակուղի ու հանգեցրել պատերազմի։
«Պետք է ասեմ, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը սխալ են ասում, Հայաստանը պատերազմ չի հրահրել, Հայաստանը պատերազմ չի սկսել, Հայաստանը չի դադարեցրել բանակցային գործընթացը։ Ես համաձայն չեմ Ջեյհուն Բայրամովի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Ես համաձայն չեմ նրանց վկայակոչած փաստերի հետ, որովհետև այդ փաստերը ճիշտ չեն»,–ասաց նա։
Հարցին՝ Փաշինյանը չի՞ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», Ռուբինյանը հակադարձեց. «Ռոբերտ Քոչարյանը ասել է՝ Ղարաբաղը 88 թվականից մինչ օրս Հայաստանի մաս է։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի և իր գործընկերների տրամաբանության, ինքը պատերա՞զմ է հրահրել»։
Ինչ վերաբերում է նրան, որ 2019–ին բանակցային սեղանին առաջարկներ են եղել, որոնց Հայաստանը ընթացք չի տվել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «2019–ին ինչ-որ առաջարկ է եղել, որին Ադրբեջանը համաձայնել է, իսկ Հայաստանը չի համաձայնե՞լ։ 2019 թվականին չի եղել առաջարկ, որին Ադրբեջանը համաձայնվել է և Հայաստանը չի համաձայնվել։
Ընդհանրապես 2008 թվականից սկսած, երբ որ ընդունվեցին Մադրիդյան սկզբունքները, բոլոր առաջարկները նույն էության մեջ են եղել և Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ նկարագրել է՝ ինչ է նշանակում Մադրիդյան սկզբունքներ։ Նշանակում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը Ադրբեջանի կազմում, որովհետև երբ որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները մեկտեղում են, ստացվում է ինքնորոշում Ադրբեջանի կազմում։ Դրանից հետո բոլոր առաջարկները, որոնց մի մասը ի դեպ Ադրբեջանն է մերժել, ենթադրել են դա։
2019 թվականի առաջարկը սկսում է հետևյալով՝ «Ադրբեջանի նախագահ և Հայաստանի նախագահը»։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ 2019 թվականին Հայաստանի նախագահ Նիկոլ Փաշինյանը չէր, Արմեն Սարգսյանն էր և Արմեն Սարգսյանը չէր վարում բանակցություններ, հետևաբար 2019 թվականի փաստաթուղթը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ ինչ-որ հանրագումար, որը Հայաստանը չի մերժել։ Հայաստանը որևէ առաջարկ չի մերժել»,– ասաց նա։
Ռուբինյանը նկատեց, որ երեք նախկին նախագահները հայտարարում են, որ իրենց օրոք բանակցային սեղանին հանճարեղ առաջարկներ կային, հանճարեղ ծրագիր կար. «Բա որ յդքան հանճարեղ առաջարկներ կային, ինչի՞ չեն իրագործվել այդ առաջարկները։
Հաջորդը, իրականում Մադրիդյան սկզբունքներով ենթադրվող առաջարկները մենք պրակտիկայի մեջ իրականում տեսել ենք։ Առնվազն 2010-ականներին հնչած բոլոր առաջարկները ենթադրել են ինչ, որ հայկական ուժերը դուրս են գալիս յոթ շրջաններից, տարբեր վարիացիաներով, Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի շուրջ առնվազն ռուս խաղաղապահներ են կանգնում և կարգավիճակի հարցին չի լինում անդրադարձ։
Այս իմ նշած ամեն ինչը նոյեմբերի 9–ի հայտարարությամբ տեղի է ունեցել։ Մենք արդեն տեսել ենք՝ ինչ է լինում, երբ որ հայկական ուժերը դուրս են գալիս յոթ շրջանների մի մասից, երբ որ մնում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ։ Մենք տեսել ենք, որ ոչ նոյեմբերի 9–ի հայտարարությունը և ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում չի խանգարել, որպեսզի Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին իր վերահսկողության տակ վերցնի Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար իրենց պնդումը, որ տեսեք այսպիսի հանճարեղ բան էր լինելու, նախ փաստ չի որ լինելու էր, երկրորդը՝ լինելու դեպքում մենք արդեն տեսել ենք դա ոնց է ավարտվում»,–ասաց նա։



