Ո՞վ է ասել, որ պաշտոնատար անձին չի կարելի վիր...

«Ինձ համար կարևոր սկզբունք կա՝ չվնասել խոսքի ազատությունը և չսահմանափակել լրատվամիջոցների գործունեությունը»,-այս մասին այսօր «Բռնության և ատելության խոսքը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Բարգավա Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նա անդրադարձավ ոլորտին առչվող գերմանական օրենքին՝ նշելով.

«Անկեղծ ասած, հենց գերմանական օրենքում էլ մենք չգտանք այն ճիշտ արբիտրը, որը կարող էր տալ գնահատականը, և դրա համար ձեռնպահ մնացինք գերմանական փորձը ներդնելուց և դրա հիմքի վրա աշխատել փորձելուց»: 

Նաիրա Զոհրաբյանը նշեց նաև, որ ԱԺ «Իմ քայլը»-ը խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի բերած նախաձեռնությունը համարել է նոնսենս.«Էդ ո՞վ է ասել, որ պաշտոնատար անձին չի կարելի վիրավորել, իսկ շարքային քաղաքացուն կարելի է»:

Զոհրաբյանը նաև մտահոգություն հայտնեց, որ այսօր սոցիալական ցանցերում գործ ունենք բացարձակապես անկառավարելի և անվերահսկելի իրավիճակի հետ, որին ներգրավվում են նաև անչափահասները: