Երեկ՝ մայիսի 27-ին, իրավապահները ժամերի ընթացքում բացահայտել են Օձուն գյուղում տեղի ունեցած սպանությունը, հաղորդում է shamshyan.com-ը:
Լոռու մարզի ոստիկանապետն օպերատիվ տեղեկություն է ստացել ենթադրյալ սպանություն կատարողի ինքնության և նրա գտնվելու վայրի մասին, իսկ ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել է կասկածյալին ու բերման ենթարկել ոստիկանության Թումանյանի բաժին:
Արդեն տեղում հարցերի ճնշման տակ կասկածյալը, ով Լոռու մարզի բնակիչ 27-ամյա Սոֆյա Կ.-ն է, խոստովանել է արարքը ու հայտնել, որ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հողը փխրեցնելու համար նախատեսված բրիչով (փոցխ) հարվածներ է հասցրել Լ. Խեչումյանին, ինչից հետո, նրան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
Սոֆյա Կ.-ն ոստիկանության Թումանյանի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, ինչպես նաև ոստիկանաններին ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիասցող հող փխրեցնելու համար նախատեսված բրիչը:
Քննիչի որոշմամբ Սոֆյա Կ.-ն ձերբակալվել է:
Կայքի տեղեկություններով՝ նա նախկինում մի քանի անգամ եղել է դատապարտված՝ բնակարանային գողություններ կատարելու համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լոռու մարզում, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում և ոստիկանության Թումանյանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Օձուն գյուղում սպանություն է տեղի ունեցել։
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ էր ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Օձուն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։
Ժամանած ոստիկանները նշված տան միջանցքում, գլխի շրջանում ստացած հարվածի հետքերով, հայտնաբերել էին նույն տան բնակիչ 64-ամյա Լ. Խեչումյանի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ գլխին առկա էր հարվածի 3 հետք։



