
ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրեց, որ 2019 թվականի 11 ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննչական եւ քննչական մարմիններում հարուցվել է տնտեսական հանցագործությունների 409 քրեական գործ, իսկ դրանց ճնշող մեծամասնությունը վերաբերում է հարկերից խուսափելուն և մաքսանենգության դեպքերին․
«151 գործ հարուցվել է հարկերից խուսափելու փաստով, իսկ 128 գործ՝ մաքսանենգության դեպքերով: 36 գործ հարուցվել է կանխամտածված սնանկության դեպքերով: 21 քրգործ հարուցվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքերով»։
2018-ին հարուցված քրեական գործերը 63-ով պակաս են եղել, ընդգծեց Հովհաննիսյանը։
2019 թվականին ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցվել է 27,165 վարչական վարույթ, որի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել 370 մլն դրամ, տեղեկացրեց նա։
Ինչ վերաբերում է չվճարված հարկային պարտավորություններին, ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ այս մասով 2019-ին կայացվել է գանձման 26 հազար 108 որոշում, որոնցով ընդհանուր գումարը կազմել է 55,5 մլրդ դրամ, արդյունքում պետբյուջե է վերականգնվել 37 մլրդ դրամ.
«2018-ին կայացվել է 5380 որոշում՝ 17,2 մլրդ դրամի չափով, փաստացի վերականգնվել է 13,2 մլրդ դրամը»:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է 839 հայցադիմում, դրանցից բավարարվել է 41-ը, մերժվել՝ 35-ը, կարճվել՝ 29-ը։ Հայցադիմումները նախորդ տարվա համեմատ կրկնակի ավելացել են։
«ՊԵԿ քննչական վարչությունը 2019 թվականի 11 ամիսների ընթացքում վարույթ է ընդունել հարկային հանցագործությունների և մաքսանենգության վերաբերյալ 774 քրեական գործ՝ այդ թվում նախորդ տարիներից փոխանցված»,-ընդգծեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ քրեական գործերով պետբյուջե է վերականգնվել 5,5 մլրդ ՀՀ դրամ։
Նա նշեց, որ այս տարի լայնածավալ աշխատանքներ են իրականացվել հասարական սննդի մատուցմամբ զբաղվող խոշոր օբյեկտներում, նրանց կողմից շրջանառության թերհայտարարագրման դեպքերի, աշխատակիցներին վճարվող իրական աշխատավարձի չափերի պարզման ուղղությամբ:
Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հասարակական սննդի բազմաթիվ օբյեկտներ թերի են հաշվառել իրենց շրջանառությունը, աշխատակիցներին վճարվող աշխատավարձի իրական չափերը եւ խուսափել են իրենց հարկային պարտավորությունները կատարելուց:
Ընդհանուր առմամբ՝իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է վերականգնվել շուրջ 46․8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 24.5 մլրդ դրամ գումարի դիմաց,-տեղեկացրեց Հովհաննիսյանը:
ՊԵԿ-ը 2019 թվականի ընթացքում պետական բյուջե է վերականգնել շուրջ 46․8 մլրդ դրամ, նախորդ տարվա 24,5 մլրդ դրամի դիմաց, ընդ որում՝ սա հիմնականում վերականգնվել է միջին և խոշոր բիզնեսում ստվերի կրճատման հաշվին։
ՊԵԿ փոխնախագահն անդրադարձավ նաև շոու-բիզնեսի որոշ ներկայացուցիչների կողմից հայտարարագրեր չներկայացնելուն։
Ընդգծեց, որ շոու-բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչներ ներկայացրել են հայտարարագրեր և կատարել են հարկային պարտավորությունները, կան նաև այնպիսիք, ովքեր չեն կատարել, և այդ փաստով քրեական գործեր են հարուցվել։
Հայտարարագիր է ներկայացրել շոու-բիզնեսի 10 ներկայացուցիչ։