Որեւէ տնտեսվարող չպետք է բողոքի, որ իրենից թե...

Վերջին ամիսներին ես տնտեսվարողներից նամակներ եմ ստանում այն մասին, որ հարկային մարմինները, նաև քննչական մարմինները չափից ավելի խստապահանջ են։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդհանրապես մեր գործընկերների հետ զրույցում այսպիսի սկզբունք ենք մենք որդեգրել, որ Հայաստանում չպետք է լինի որևէ տնտեսվարող, որը ունենա օբյեկտիվ հիմք ասելու, որ կառավարությունը հարկային գործունեության ֆիսկալ պրոցեսների արդյունքում իրենից վերցրել է թեկուզ մի լումա ավել ավել հարկ կամ տուրք։ Մյուս կողմից կառավարության դիրքորոշումն էլ այն է, որ չպիտի լինի տնտեսվարող, որ վճարի օրենքով նախատեսվածից մի լումա պակաս հարկ և տուրք։

Ես կարծում եմ, որ սա շատ կարևոր և սկզբունքային, և օրինական, արդար մոտեցում է, բայց այնուամենայնիվ, քանի որ մեր տնտեսվարողները այդ թեմաները բարձրացնում են, մենք շաբաթ օրը ունենք մեր երկրորդ աշխատաժողովը տնտեսական ոլորտի ներկայացուցիչների հետ, և մենք այդ հարցը կքննարկենք»,– ասաց նա։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ նամակներից մի քանիսը մակագրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որ քննարկումներ ունենան և հասկանան, թե ում որ փաստարկն է արդարացի և որ փաստարկը ոչ այդքան։

«Բայց բոլոր դեպքերում մոտեցումը արդեն իսկ ձևակերպված է ոչ մի լումա ավել և ոչ մի լումա պակաս։ Այս սկզբունքով մենք պետք է աշխատենք, մանավանդ, որ էլի եմ ուզում, հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները տեսնում են, որ պետական բյուջեի միջոցները ի՞նչ ուղղություններով են ծախսվում, ի՞նչ նպատակներով են ծախսվում»,– ընդգծեց նա։