Որևէ խմորում չի եղել, որևէ սպառնալիք չեմ հնչե...

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Աժ-ում լրագրողների հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իրեն չընտրելու համար թիմակիցներին սպառնացել է։

«Իմ թեկնածությունը առաջարկել էր Հասմիկ Հակոբյանը, և ես համաձայնել էի, որովհետև կարծում էի՝ լավ թեկնածու եմ։ Բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել։ Կային երկու թեկնածու, բնականաբար մեկը պետք է ընտրվի, մյուսը՝ ոչ։ Որևէ խմորում չի եղել, որևէ սպառնալիք չեմ հնչեցրել, չէի էլ կարող հնչեցնել»,-ասաց Բաթոյանը:

Նա ընդգծեց, որ վիրավորված չէ թիմից: «Նեղանալն ու նեղացվածությունը քաղաքական կատեգորիաներ չեն»,- նշեց պատգամավորը։

Հարցին՝ Հռիփսիմե Հունանյանը բարձրագույն կրթություն չունի, միայն բուժքույր է եղել, ճի՞շտ է նման պաշտոնի ընտրել նրան, Բաթոյանն ասաց, որ ցանկացած պատգամավոր կարող է ընտրվել հանձնաժողովի անդամ, փոխնախագահ և նախագահ:

Նրա խոսքով՝ պարտադիր չէ լինել մասնագետ, բայց պետք է ղեկավարման փորձ ունենալ:

Ճշտող հարցին՝ ո՞վ էր ավելի արժանի, Բաթոյանն ասաց, որ ինքն իրեն է ընտրել: Նա հավելեց, որ համաձայնել էր առաջադրվել, քանի որ համոզված էր՝ ունի համապատասխան փորձ և կարող է արդյունավետ աշխատել:

«Ես ինձ եմ ընտրել։ Իսկ 44 ընտրողներից 8 ձայնի տարբերությամբ նախապատվությունը տրվել է տիկին Հունանյանին»։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն ընտրել է Հռիփսիմե Հունանյանին: