«Հրապարակ» թերթը գրում է. Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում սահմանված նվազագույն անցողիկ շեմն անցնել։ Դատական դեպարտամենտից մեզ հայտնեցին, որ վերջին անգամ հունիսի 23-ին է անցկացվել դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով որակավորման ստուգման գրավոր փուլ, որին մասնակցել է 32 անձ, որոնցից 30-ը չի հաղթահարել սահմանված նվազագույն անցողիկ միավորը։
Այդ գրավոր քննության հաջորդ՝ որակավորման ստուգման հարցազրույցի փուլը նախատեսվում է անցկացնել առաջիկայում, որին, փաստորեն, միայն 2 անձ է մասնակցելու։ Առաջիկայում տեղի կունենա դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական եւ հակակոռուպցիոն մասնագիտացման բաժինների համալրման նպատակով հատուկ կարգով որակավորման ստուգման գրավոր փուլը։
Հայտերի ընդունումն արդեն ավարտվել է։ Նշենք, որ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգումներն անցկացվում են դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից համապատասխան որոշման հիման վրա:



