«Թեղուտ» ՓԲԸ-ի վերագործարկման և հնարավոր ռիսկերի մասին Politik.am-ը զրուցել է բնապահպան, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանի հետ:
««Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրեց հանքավայրի շահագործումը բավականին անսպասելի և ոչ ավարտուն վիճակում, և հայտարարեց, որ սնանկացել է: Բնակելի հատվածին շատ մոտ բաց հանքի անմիջական շահագործում, փոշու ազդեցություն մարդկանց վրա, նաև՝ պրոկեկտից բավականին մեծ շեղումներով և ոչ անվտանգ շահագործում. այս ամենը հաստատել է նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն դեռ անցած տարի, և խոսք էին տվել, որ պետք է վերակառուցեն պոչամբարը, բայց դեռ չեն ներկայացրել վերակառուցման տեխնիկական պլանը»,-նշում է Զարաֆյանը:
Վեջինիս խոսքով՝ մենք այդ ռիսկերն արդեն ունենք, այդ ռիսկերի հետ համատեղ ավելացել են նոր ռիսկեր.«Ընկերությունը դադարեցնում է շահագործումը, ոչ ոք չգիտի՝ պատասխանատվությունը ով է կրում, և ընդհանրապես իրենց դրական եզրակացությունը տրված էր մինչև 2014 թվականը: Այդ թվականից ընկերությունն աշխատել է առանց օրինական փաստաթղթի: Հիմա հարցը՝ եթե նրանք այնտեղ նոր աշխատանք անեն, պարզ է, որ հանքի շահագործման համար պետք է ունենան նոր փաստաթուղթ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին եզրակացությամբ: Մինչև այդ եզրակացությունը չունենան, իրենց գործունեությունը այս ուղղությամբ կարելի է համարել անօրինական»:
Խոսելով իրենց դիրքորոշման մասին՝ Ինգա Զարաֆյանն ասում է.««Թեղուտ» ՓԲԸ-ն պետք է սկզբից վերացնի իր գործունեության ընթացքում շրջակա միջավայրին հասցրած բոլոր վնասները, զուգահեռ պետք է մտնի օրինական դաշտ և դիմի փորձաքննության՝ միաժամանակ ապացուցելով, որ իր հետագա գործունեությունն էլ վնաս չի պատճառելու»:
Կարծիքների վերաբերյալ, թե բնապահպանները շատ ավելի քիչ ուշադրություն են դարձնում Թեղուտի հանքավայրին, քան, օրինակ, Ամուլսարին, Զարաֆյանը նշեց.«Նման կարծիքներ հայտնում են մարդիկ, ովքեր ընդհանրապես տեղեկացված չեն Թեղուտի հարցով: Մենք ոչ մի պահի չենք դադարեցրել մեր ուշադրությունն ու հետևողականությունը, մշտապես կապ ենք պահպանում նաև համայնքի բնակիչների հետ: Մեր կազմակերպությունը երեք տարի ամենամեծ ակտիվությունն է գրանցում: Եվ մենք հույս ունենք, որ չեխական «Առնիկա» կազմակերպությունը հուլիսի երկրորդ կեսին կգա և կշարունակի իր հետազոտությունները»:



