Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շ...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ տարածաշրջանային այցը, որի շրջանակում նա այս տարվա հուլիսի 1-ին այցելեց Ադրբեջան, իսկ հաջորդ օրը՝ Հայաստան, պաշտոնապես ներկայացվեց որպես համագործակցության, տնտեսական կապերի, տարածաշրջանային հաղորդակցությունների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանն ուղղված կարևոր փուլ։

Սակայն նման բարձր մակարդակի հանդիպումների դեպքում սովորաբար օրակարգում են լինում նաև այնպիսի զգայուն հարցեր, որոնք պաշտոնական հաղորդագրություններում չեն արտացոլվում։ Այդ պատճառով «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե արդյոք Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների արդյունքները, ինչպես նաև Եվրոպական միության հնարավոր գործնական քայլերը՝ գերիների ազատ արձակման ուղղությամբ։

Ձեր և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման ընթացքում քննարկվե՞լ է արդյոք Ադրբեջանում պահվող հայ գերիների և այլ ապօրինի ազատազրկված անձանց վերադարձի հարցը։
Եթե այո, ապա ի՞նչ տեղեկություններ է Ձեզ փոխանցել Եվրոպական հանձնաժողովի նախագահը Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած քննարկումների վերաբերյալ։ Ի՞նչ դիրքորոշում կամ պատասխան է ստացել ադրբեջանական կողմից։
Անդրադարձ եղե՞լ է արդյոք հայ գերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքի, խոշտանգումների, նրանց իրավունքների խախտումների և միջազգային հումանիտար իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ հրապարակային ու ոչ հրապարակային տեղեկություններին։
Քննարկվե՞լ են արդյոք Եվրոպական միության կամ այլ միջազգային կառույցների կողմից հնարավոր գործնական քայլերը՝ ուղղված հայ գերիների անհապաղ ազատ արձակմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ու Ադրբեջանում նրանց նկատմամբ իրականացված հնարավոր հանցագործությունների միջազգային իրավական գնահատականին։
Կարո՞ղ եք հայտնել, թե այս պահին ի՞նչ գործնական արդյունքներ կամ պայմանավորվածություններ կան միջազգային գործընկերների հետ՝ հայ գերիների վերադարձի ուղղությամբ, և ի՞նչ դերակատարություն է ստանձնել կամ պատրաստվում ստանձնել Եվրոպական միությունը տվյալ գործընթացում։

Սակայն ՀՀ կառավարության աշխատակազմից ստացված պատասխանը փաստացի շրջանցել է հարցերի բովանդակությունը։

Պատասխանում նշվում է.

«Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ անհրաժեշտ՝ հրապարակման ենթակա տեղեկատվությունը տրամադրվել է։

Միաժամանակ տեղեկացնում ենք՝ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ գերիների հարցը գտնվում է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում, և այդ ուղղությամբ տարվում են անհրաժեշտ աշխատանքներ»։

Այսպիսով, կառավարությունը չի պատասխանել՝ քննարկվե՞լ է արդյոք գերիների հարցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ հանդիպման ընթացքում, ի՞նչ է փոխանցել Եվրահանձնաժողովի նախագահը Բաքվում ունեցած բանակցություններից հետո, կամ ինչպիսի՞ պայմանավորվածություններ են ձեռք բերվել այդ ուղղությամբ։