Վլադիմիր Վարդանյանը կայուն մեծամասնության գաղ...

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը կողմ չէ խորհրդարանական կայուն մեծամասնության գաղափարին, սակայն խնդրի լուծումը տեսնում է նոր Սահմանադրության համատեքստում։ Վարդանյանն այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի սեպտեմբերի 19-ի նիստում, որտեղ քննարկվում է կայուն մեծամասնության դրույթի վերանայման հարցը։

Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ նոր Սահմանադրությունը պետք է ունենա նոր սկզբունքներ, նոր ինստիտուտներ, նոր բալանսավորված ձևաչափեր, որպեսզի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները կարողանան ճիշտ հարաբերվել։

«Եթե մենք չենք առաջնորդվելու այդ սկզբունքով և փորձելու ենք հատվածական լուծումներ փնտրել, մենք հատվածական լուծումներով ավելի խորացնելու ենք և խեղաթյուրելու ենք Սահմանադրության իմաստը։

Բազմիցս ասել եմ, որ ես խորհրդարանական կայուն մեծամասնության գաղափարի մեծ կողմնակից չեմ, բայց չափազանց կարևոր է նաև այս համակարգը հատվածական չփոխել և ավելի չվատթարացնել իրավիճակը»,-ընդգծեց Վլադիմիր Վարդանյանը։

Նրա խոսքով՝ միայն Սահմանադրության 89-րդ հոդվածի փոփոխությամբ չեն կարող ամբողջությամբ լուծել այդ խնդիրը, որովհետև առնվազն 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

«Սա հատվածական լուծում է և մենք հնարավորություն չենք ունենալու առանց 149-րդ հոդվածի փոփոխության ունենանք այնպիսի կանոնակարգում, որն անհրաժեշտ է, որպեսզի ունենանք բալանսավորված խորհրդարանական ընտրություններ և բալանսավորված սահմանադրաիրավական կարգավորումներ, եթե մենք միայն անդրադառնում ենք 89-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունից հետո տեքստին։ Դանիել Իոաննիսյանի առաջարկածն ավելի է խճճում կանոնակարգումները, քան 89-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը»,-եզրափակեց Վարդանյանը։

Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։

Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։