Անհուսալի վարկերի ծրագիրն աջակցություն չէ, նա...

Չենք համարում, որ անհուսալի վարկի ծրագիրն ուղղակի աջակցության ծրագիր է, այն նաև տնտեսական ակտիվացման ծրագիր է: Այդ մասին, այսօր՝ հունվարի 15-ին, 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Կառավարության նիստի ընթացքում էլ ենք հայտնել, որ սա վարկերի ներում չէ։ Մենք քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս դուրս գալ այդ վիճակից՝ աշխատելու միջոցով։ 

Սա վերջին նմանատիպ աջակցությունն է լինելու, մարդկանց մոտ այն ընկալումը չպետք է լինի, թե իրենք կարող են գնալ և նմանատիպ իրավիճակում հայտնվել։ Դրա համար ֆինանսական գրագիտություն է պետք»,-ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած նախագծին, որով նախատեսվում է առնվազն 3 տարի անհուսալի դասակարգված վարկեր ունեցող անձանց աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկն ուղղել վարկի մարմանը, սակայն քաղաքացու վարկերի մայր գումարները միասին չպետք է գերազանցեն 1 մլն դրամը: