ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանը ՌԴ կող...

Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ստորագրված Ռազմավարական գործընկերության կանոնադրության կետերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ:

- Պարոն Վարդանյան, նմանատիպ մակարդակի առաջին փաստաթուղթն է երկու երկրների միջև ստորագրվել, ինչ է այն իրենից ենթադրում: Ի՞նչ քաղաքական և դիվանագիտական ազդեցություն կարող է ունենալ այս համաձայնագիրը Հայաստանի արտաքին քաղաքականության վրա։

- Բավականին լուրջ փաստաթուղթ է, որը ենթադրում է Հայաստան-ԱՄՆ համագործակցություն մի շարք ոլորտներում, այդ թվում մեզ համար կենսական նշանակություն ունեցող անվտանգության, տնտեսության, էներգետիկ, տրանսպորտային, ժողովրդավարության հաստատման և այլ ոլորտներում: Կարևոր փաստաթուղթ է, բավական երկար ժամանակ է, հայկական կողմն աշխատել է այս փաստաթղթի վրա ամերիկյան իր գործընկերների հետ և մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հասնել սրան: Վստահ եմ, որ այս փաստաթղթից հետո Հայաստանին տրվող ամերիկյան աջակցությունը նշված ոլորտներում ավելի է մեծանալու: Պետքարտուղար Բլինկենը հենց երեկ հայտարարեց, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ից Հայաստան կժամանեն անվտանգության մասնագետներ, որոնք կգործուղվեն սահման և Հայաստանի սահմանն ամրացնելու ուղղությամբ ավելի կոնկրետ աջակցություն կտրվի:

Այս փաստաթուղթն իրականում, միանշանակ, ավելի է ամրապնդելու Հայաստանի դիմակայունությունը, Հայաստանն ավելի ամուր ոտքերի վրա է կանգնելու:

- Արդյո՞ ք, ստորագրված կանոնադրությունը կարող է փոխել տարածաշրջանային ուժերի հարաբերակցությունը, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունների համատեքստում։

- Ռուսաստանի կողմից սա լավ չի ընդունվելու: Ռուսաստանը խանդով է վերաբերվելու այս համաձայնագրի ստորագրմանը, բայց վաղուց արդեն ժամանակն է, որ Հայաստանն առաջնորդվի սեփական շահերով:

Ինչ վերաբերում է Իրանին, այո, Իրանի կողմից էլ կարող են մտահոգություններ լինել, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե կարողանում ենք Իրանի հետ ճիշտ աշխատել, բացատրել նրանց մեր զգայունություններն ու հասկանալ նրանց զգայունությունները, չանել այնպիսի քայլեր, որոնք կարող են երկու երկրներին վնաս հասցնել, դա հաջողվում է:

Նույն եվրոպացի դիտորդների հետ կապված եվրոպական կողմը սկզբից որոշակի մտահոգություններ ուներ, բայց հայկական կողմին հաջողվեց բացատրել Իրանին, որ այդ դիտորդների տեղակայումը նրանց դեմ ուղղված գործողություններ չեն և Իրանում հիմա բավականին ըմբռնումով են մոտենում դրան և այլևս որևէ կերպ չեն անդրադառնում այդ դիտրոդների գործունեությանը: Նույն էլ այս հարցում. եթե Հայաստանը բացատրի, որ այս փաստաթուղթն Իրանի դեմ չէ, այլ պարզապես Հայաստանի դիմակայնության ուժեղացմանն է ուղված, վստահ եմ, որ իրանական կողմն ըմբռնումով կմոտենա, որովհետև Իրանը Հայաստանին վերաբերվում է որպես բարեկամ երկրի:

Իհարկե, Ռուսաստանին այսպիսի բան բացատրելն անիմաստ է, նրանք Հայաստանին չեն նայում, որպես բարեկամի, այլ նայում են որպես իրենց արբանյակի, որը պետք է մշտապես իր ուղեծրում լինի, բայց Ռուսաստանին, կարծում եմ՝ նույնիսկ բացատրություններ տալու կարիք չկա, պարզապես պետք է իրագործել այս փաստաթուղթը և փաստի առաջ կանգնեցնել ՌԴ-ին:

- Պաշտպանության և անվտանգության ոլորտում մի շարք կետեր կան, Դուք էլ անդրադարձաք սկզբում, բայց կարծես չի խոսվում ռազմական աջակցության մասին: Նշվել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանի սահմանապահ զորքերի և Պետական եկամուտների կոմիտեի կարողությունների զարգացմանը: Դա որքանո՞վ կարող է օգտակար լինել մեզ համար, քանի որ խոսք չկա զենք տրամադրելու մասին:

- Գիտե՛ք, միանգամից ոչ մի բան չի լինում, այդ թվում նաև ռազմական համագործակցության մասով: Պետք է քայլ առ քայլ գնալ դրան, և ես վստահ եմ՝ ինչ-որ փուլում Հայաստանը գնելու է ամերիկյան զենք: Շատ շուտով  բանը դրան կհասնի, այնպես որ անվտանգության բաղադրիչն էլ կարևոր է  այս փաստաթղթում, և մենք կարող ենք շատ շուտով ականատես լինել հայ-ամերիկյան ռազմական գործակցությանը, ինչպես եղավ Ֆրանսիայի դեպքում:

- «Իսլամական պետության» կոալիցիային միանալը ի՞նչ ռիսկեր կարող է պարունակել, կա՞ն արդյոք ռիսկեր:

- Այստեղ չեմ կարծում, որ Հայաստանին կարող են «Իսլամական պետության» գրոհայինները վնաս տալ ՀՀ-ին, այստեղ չկա մուսուլմանական բնակչություն, նրանք չունեն այստեղ համախոհներ, որոնց միջոցով ահաբեկչական քայլերի դիմեն: Բացի դրանից, մոտ 80 երկիր միացել է այս կոալիցիային, միայն Հայաստանը չէ: Այդ երկրները, մեծ հաշվով, բացի մի քանիսից, չեն հայտնվել «Իսլամական պետության» թիրախում, այս առումով էլ մտահոգվելու խնդիր չունենք: