«Հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարը կուսակցական պայքար չէ, սոցիալական արդարության համար պայքար է, նրանք կարող են դա այլ բանի վերագրել, դա նրանց գործն է»։ Այսպես հանրային տրանսպորտի թանկացման դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանեց լրագրողի հարցին այն մասին, որ Տիգրան Ավինյանի խոսքով նա հանրային տրանսպորտի դեմ բողոքի ակցիաները կազմակերպում է 2026 թվականին ԱԺ–ում տեղ գտնելու նպատակով միայն։
«Առաջին հերթին, բացարձակ ոչ մի հաշվարկ չկա այս ամեն ինչի տակ դրված։ Հայտարարում են, որ 144 դրամ է միջինում տոմսը, աշխարհում մաթեմատիկոս չկա, որը կարող է այս հաշվարկը տալ, որովհետև չունեն ելակետային տվյալներ»,–ասաց Հայկ Մարությանը։
Հայկ Մարությանը նշեց, ոչ վերջերս տեղի ունեցած բանավեճի ժամանակ Տիգրան Ավինյանին հարց է ուղղել, թե որքա՞ն գումար է այդ փոփոխությունների արդյունքում հավաքագրվելու, սակայն Երևանի քաղաքապետը չի ունեցել այդ հարցի պատասխանը։
«Երբ նման մեծ նախագիծ ես իրականացնում, գիշերվա ժամը 3-ին էլ քեզ քնից հանեն, դու պետք է այդ թիվն անգիր ասես, թե որքան գումար ես նախատեսում հավաքել։ Ինքը օդում հաշվեց, ասաց 5 մլրդ դրամ։ Ես նրան պատկերավոր ցույց տվեցի, թե որտեղից կարող են այդ 5 մլրդը ստանալ։ Օրինակ գույքահարկի թանկացման հետևանքով 20 մլրդ դրամ գումար է հավաքագրվելու 2026 թվականին»,–նշեց Հայկ Մարությանը։