Վլադիմիր Կարապետյանը մասնակցել է Արևելյան գոր...

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հուլիսի 11-12-ին Բաթումիում մասնակցել է Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված միջազգային կոնֆերանսին:

Արևելյան գործընկերություն 2020 խորագիրը կրող եզրափակիչ քննարկմանը Վ. Կարապետյանը խոսել է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա պատճառների և ժողովրդավարական գործընթացների արդյունքում ներքաղաքական կյանքում արմատական փոփոխությունների մասին։

Միջոցառման շրջանակում Վլադիմիր Կարապետյանն ունեցել է մի շարք երկկողմ աշխատանքային հանդիպումներ, այդ թվում՝ Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ, որի հետ մանրամասն անդրադարձ է եղել երկկողմ օրակարգի տարբեր խնդիրներին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ շփումները ամենատարբեր մակարդակներում՝ պաշտոնական, խորհրդարանականների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Զրուցակիցները քննարկել են միջազգային կազմակերպություններում երկու երկրների փոխադարձ շահերի հիման վրա համագործակցության խնդիրները։ Վ. Կարապետյանը հատուկ ընդգծել է այն նշանակությունը, որ Հայաստանի ղեկավարությունը տալիս է երկկողմ հարաբերություններին։ Լ. Դարսալիան նկատել է, որ փոխադարձ այցելությունների ինտենսիվությունը վկայություն է նաև վրաց իշխանությունների՝ Հայաստանի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի։

Վարչապետի մամուլի քարտուղարը նաև կարճատև աշխատանքային հանդիպումներ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալներ՝ Սերգի Կապանաձեի և Գիա Վոլսկիի, Վրաստանի խորրդարանի պատգամավորներ՝ Գեորգի Բարամիձեի ու Գեորգի Կանդելակիի հետ, Եվրոպական Հանձնաժողովի Արևելյան գործընկերության երկկողմ համագործակցության վարչության պետի տեղակալ Դիրք Լորենցի,  Հայաստանում Նիդերլանդների  և Շվեդիայի դեսպաններ՝ Յոհանես Դումայի և Ուլրիկ Թիդեստրեմի հետ:  

Վրաց պաշտոնյաների հետ հանդիպումներում անդրադարձ են կատարվել հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ կապերի զարգացման ուղղությամբ առաջիկայում նախատեսվող միջոցառումներին: