Վազգեն Սարգսյանի մասին ավելորդ բան չի ասվել,...

Երեկ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը Ազգային Ժողովում իր ելույթի ընթացքում խոսեց պետական ինսիտուտների ոչնչացման մասին։ Պատգամավորը պնդումն էր, որ չի կարող հաջողություն ունենալ այն պետությունը, որտեղ մեկ անձ է ամեն բան որոշում։ Ելույթի ընթացքում նա նաև անդրադարձ կատարեց նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի գործունեությանը․ «Վազգեն Սարգսյանը շատ վատ բան է արել Հայաստանի նկատմամբ»,-հայտարարեց Սուքիասյանը։

Ելույթի այս հատվածը շահարկվում է տարբեր խմբերի կողմից։ Այն հատկապես ծանր են տարել Վազգեն Սարգսյանի մտերիմները և որպես հակափաստարկ հիշեցնում են Վազգեն Սարգսյանի ավանդը Արցախի ազատագրման գործում։ 

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ Խաչատուր Սուքիասյանը չի քննադատել Արցախի ազատագրմանը մասնակցող Վազգեն Սարգսյանին, այլ պետական պաշտոնյա Վազգեն Սարգսյանին։ Խնդիրը ճիշտ հասկանալու համար պետք է տարբերել Վազգեն Սարգսյան ռազմական գործչին և Վազգեն Սարգսյան քաղաքական գործչին։ Որպես ռազմական գործիչ նա իհարկե մեծ ավանդ ունի և դա որևէ մեկը կասկածի տակ չի դնում, իսկ որպես քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանի անվան հետ կապվում են բազմաթիվ ոչ դրական պատմություններ։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, օրինակ դեռ տարիներ առաջ կիսվել է իր տպավորությամբ Վազգեն Սարգսյան քաղաքական գործչի մասին։ Լրատվամիջոցի հարցին՝ ինչպիսի՞ն կլիներ Հայաստանը, եթե կենդանի լինեին Վազգեն Սարգսյանը, Դեմիրճյանը, մյուսները, Mamul.am-ի զրուցակիցն ասել էր. «Նախ` շատ կարճ ժամանակում Վազգեն Սարգսյանը կդառնար Հանրապետության նախագահ, որովհետև նա դրան էր ձգտում և արդեն փոշմանել էր, որ իր օգնությամբ և օժանդակությամբ Քոչարյանն է դարձել նախագահ: Հայաստանում այն պայմանական ազատությունները, որոնք կային Քոչարյանի ժամանակ և ինչ-որ չափով կան Սերժ Սարգսյանի ժամանակ, դրանք վաղուց գոյություն չէին ունենա, որովհետև Վազգեն Սարգսյանի պես բռնապետ ոչ ոք չի եղել։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ինչպես էր ՀԱԲ֊ի կալանավորված տղաների կանանց, քույրերին, մայրերին ոտքի տակ գցում, ծեծում, հայհոյում: ՀՀ ԳԽ֊ի դիմաց նրանք պահանջում էին իրենց հարազատներին ազատ արձակել։ Դուրս եկավ Վազգեն Սարգսյանը, հարձակվեց նրանց վրա և բռունցքներով, ոտքերով սկսեց հարվածել կանանց, նույնիսկ գետնին տապալվածներին։ Մի կերպ ես ու Սմբատ Հակոբյանը նրան կանգնեցրինք․․․Հայաստանի ընտրությունների ամբողջ կեղծիքների հիմնական պատասխանատուներից մեկը նա էր։ Բանակում, խաղաղ պայմաններում, ամենաշատ զոհերն ունեցանք իր Պաշտպանության նախարար եղած տարիներին (1995֊1998 թթ-ին) և բոլորն անպատիժ: Եվ ամբողջ երկրապահ ավազակախումբը, որոնք Հայաստանում իշխում են մինչև հիմա և իրենք են որոշում, թե ով պետք է լինի, դա նրա հիմնական կառույցն էր»։

Վազգեն Սարգսյան քաղաքական գործչի մասին նման գնահատականները և պատմությունները բազմաթիվ են՝ բավական է բացել ժամանակի մամուլը։

Այս ամենը հաշվի առնելով, լավ կլինի Վազգեն Սարգսյանի մտերիմները հանգիստ մոտենան օբյեկտիվ քննադատությանը և չփորձեն մարդու ռազմական ավանդով ծածկել բոլոր մնացյալ սխալները, որոնք նա գործել է որպես քաղաքական գործիչ։