Վայք համայնքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Կառլեն Մինասյանին պատկանող «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն 15 դպրոցի կառուցման 12 պայմանագիր է կնքել Տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի հետ, գրում է «Հետքը»։
«Եվս երկու պայմանագիր ընկերությունը կնքել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։ Պայմանագրերով նախատեսվում է ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Այս 14 պայմանագրերի ընդհանուր արժեքը 22 մլրդ 500 մլն դրամ է։
2024 թվականի հունվարի 29-ին Տարածքային զարգացման հիմնադրամը պայմանագիր կնքեց «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրում դպրոց կառուցելու համար։ Պայմանագրի ընդհանուր գումարը 1 մլրդ 736 մլն դրամ էր։ Պայմանագրով նախատեսված է դպրոցի շինարարությունն ավարտել 760 օրվա (2 տարի 1 ամիս) ընթացքում։
«Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերության հիմնադիրներն են՝ Արամ Մինասյանը և Կարինե Խաչատրյանը։ 2022 թվականից բաժնետոմսերի 100%-ն անցել է Արամ Մինասյանի որդուն՝ Կառլեն Մինասյանին։ Վերջինս Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ է, 2021 թվականին «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրվել էր Վայքի համայնքապետի թեկնածու։
Կառլեն Մինասյանը Վայքի ավագանու ընտրություններից առաջ նույնպես ակտիվ է եղել ընտրական գործընթացներում։ 2018-ի արտահերթ խարհրդարանական ընտրությունների ժամանակ նա պատգամավորի թեկնածու էր Խաչատուր Քոքոբելյանի և Արամ Սարգսյանի գլխավորած «Մենք» դաշինքի ցուցակով։ Իսկ 2021-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մինասյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 20-րդ համարն էր։
Թեև քաղաքական դաշտում Մինասյանի բախտն այնքան էլ չբերեց, սակայն բիզնես գործունեության մեջ կարծես ամեն ինչ ավելի հարթ է ընթանում։ Միայն 2024 թվականի ընթացքում «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ի հետ Քաղաքաշինության կոմիտեն, ՏԿԵՆ-ը և Տարածքային զարգացման հիմնադրամը 14 պայմանագիր են կնքել։
Բացի Շինուհայրի դպրոցից, Կառլեն Մինասյանին պատկանող ընկերութjունը դպրոցներ և կրթահամալիրներ պետք է կառուցի Սյունիքի մարզի Խոտ, Գորայք, Սառնակունք, Հարթաշեն, Քարաշեն, Բռնակոթ, Կոռնիձոր, Անգեղակոթ, Ույծ և Նորավան բնակավայրերում, Արագածոտնի մարզի Ռյա Թազա, Վարդենուտ և Կարին բնակավայրերում և Վայոց ձորի Արենի բնակավայրում։ Այս 15 դպրոցների կառուցման համար «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ն ստացել է 17 մլրդ 660 մլն դրամ։
Մինասյանի ընկերությունը նաև 2 ճանապարհաշինական մրցույթում է հաղթել։ 2024-ի սեպտեմբերի 11-ին կնքված պայմանագրով ընկերությունը պարտավորվել է 728 մլն 899 հազար դրամով միջին նորոգման աշխատանքներ իրականացնել Մ-4 մայրուղի- Ճամբարակ ճանապարհահատվածում։ Իսկ Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հատվածի հիմնանորոգման համար «Էկո բիլդինգը» ստացել է 4 մլրդ 157 մլն դրամ։
Կառլեն Մինասյանի գործունեության մասին նախկինում էլ ենք գրել։ «Հետքը» պարզել էր, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրը՝ Վահե Մակունցը, սկսել է զբաղվել ավազի արդյունահանմամբ։ Նա բաժնետեր էր դարձել «Վոլֆ մայնինգ» և «Ֆրստ Քոնսթրաքշն Քոմփանի» ՍՊԸ-ներում։ Հոդվածի հրապարակաման հաջորդ օրը Մակունցը երկու ընկերություններում իր բաժնեմասերը վաճառեց Կառլեն Մինասյանին։
Բացի «Էկո բիլդինգ» ՍՊԸ-ից, Կառլեն Մինասյանը բաժնեմասեր ունի նաև «Արփա Լույս», «Էդմ լոլար», «Դուստր սոլար», «Արմ սոլար», «Վայք ռեսուրսիս», «Լայմ սթոուն», «Մալիշկա ռեսուրսիս», «Պրեմիում քոնսթրաքշն», «Այսոլար», «Սքայ ռեզորթս», Վոլֆ մայնինգ», «Ֆրստ քոնսթրաքշն քոմփանի», «Բազալտ բրոկեն» ընկերություններում։ Նա նաև տնօրենի պաշտոն է զբաղեցնում «Մարի դենտ», «Նյու Բիլդինգ», «Օլ քլինինգ», «Սուն սոլար» ընկերություններում։
«Հետքի» հետ զրույցում Կառլեն Մինասյանն ասաց, որ իր ունեցած քաղաքական կապերը որևէ կերպ չեն ազդել մրցույթներում հաղթելու վրա, «Էկո Բիլդինգը» սահմանված կարգով մասնակցել է մրցույթներին և հաղթել։
«Դեռ իրենք են խնդրում, որ մասնակցենք, հաճախ մասնակիցներ չեն լինում։ Ասեմ ավելին՝ ներկայացված նախագծերը շատ թերի են։ Պետության բախտը պարզապես բերել է, որ մեր ընկերության պես մեծ ընկերություն է մասնակցել մրցույթին։ Մենք մեր ռեսուրսները օգտագործում ենք այդ նախագծերի թերությունները շտկելու համար»,- ասաց Մինասյանը։
Մենք հարցում ուղարկեցինք Քաղաքաշինության կոմիտե՝ պարզելու, թե արդյոք Կոմիտեն խնդրել է «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ին մասնակցել դպրոցների շինարարության համար հայտարարված գնումների մրցույթներին։ Քաղաքաշինության կոմիտեից պատասխանեցին. «Կոմիտեն որևէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ մրցույթներին մասնակցության վերաբերյալ բանակցություններ չի վարել, առավել ևս խնդրանքներով հանդես չի եկել»։
Իսկ նախագծերում առկա հնարավոր թերությունների մասին հարցին Կոմիտեից պատասխանել են, որ «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն պետք է մշակի դպրոցների տեղակապման նախագծեր և իրականացնի դրանք։
«Տեղակապման նախագծերում թերությունների արձանագրման դեպքում պատասխանատվությունը վերապահված է «Էկո ԲԻլդինգ» ՍՊԸ-ին»,- նշված էր Կոմիտեի պատասխանում։
Այսպիսով, «Էկո Բիլդինգ» ՍՊԸ-ն առաջիկա երկու տարում պիտի հասցնի կառուցել 15 դպրոց Վայոց ձորի և Սյունիքի մարզերում և երկու ճանապարհ Տավուշում և Գեղարքունիքում։ Իսկ թե ինչպես է ընկերությունը իրականացնելու նման մեծածավալ աշխատանքը, և արդյոք չեն խախտվի պայմանագրով նախատեսված ժամկետները՝ ցույց կտա ժամանակը»,–գրում է լրատվամիջոցը։