Ելնելով ստեղծված իրավիճակից, չենք բացառում, որ Վայք համայնքում հնարավոր է հայտարարվի «Օդային տագնապ» և հավելենք այն, որ նշված գրառումից պետք չէ խուճապի մատնվել, պարզապես ևս մեկ անգամ ծանոթացեք, թե տվյալ պարագայում ինչ է պետք անել։
Մեզանից յուրաքանչյուրը դեռևս դպրոցական տարիներից, ուսումնական վարժանքներից հիշում է Օդային տագնապի ժամանակ վարքագծի պարզագույն կանոնները:
Ճիշտ է, այս պահին Վայք համայնքում չկա դրա անհրաժեշտությունը, բայց հանրապետությունում լարված իրավիճակ է և գիտելիքների թարմացումը չի խանգարի:
Օդային տագնապի դեպքում խուճապի չենք մատնվում, ընդամենը հետևում ենք վարքագծի պարզագույն կանոններին:
Լսելով տագնապի ազդանշանը անհրաժեշտ է գործել արագ և գործնական, առանց խուճապի:
«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչությունը պարտավոր է`
Աշխատավայրում գտնվելու դեպքում.
Գործել տվյալ ձեռնարկության ՔՊ պլանով նախատեսված հրահանգի պահանջներին համապատասխան, անջատել ներքին և արտաքին լուսավորությունը (գիշերային ժամերին)` բացառությամբ քողարկված լուսավորության լուսարձակների, ՔՊ անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի, հնարավորինս արագ տեղափոխվել պաշտպանական կառույց,
Տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են անմիջապես կայանել, բացել դռները, հանգցնել շարժիչը, անջատել էլեկտրականությունը և ուղևորների հետ պատսպարվել մոտակա պաշտպանական կառույցում (մետրոպոլիտենի կայարան, գետնանցում), հարմարվել տեղանքի ռելիեֆին, օգտագործել ցածր աղյուսե կամ քարե ցանկապատերը, ջրատարները, կոճղերը, թմբերը և այլն: Անհրաժեշտ է հիշել, որ շենքերի, շինությունների պատերի տակ պատսպարվել չի կարելի. դրանք կարող են փլվել:
Հասարարկական վայրում գտնվելիս`
ուշադրությամբ լսել կառավարչի հաղորդումը մոտակա պաշտպանական կառույցի տեղաբաշխման վայրի մասին և կազմակերպված տեղափոխվել այնտեղ,
1. ձեռքի տակ եղած անհատական պաշտպանական միջոցները բերել պատրաստի վիճակի,
2. հրահանգի բացակայության դեպքում օգտվել մակերևութապատկերի հնարավորությունից, բնական և արհեստական թաքստոցներից:
Բնակարանում գտնվելու դեպքում`
1. անջատել գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման համակարգերը, վերցնել ՔՊ անհատական պաշտպանական միջոցներ, աղետի ճամպրուկ (3 օրվա սնունդ, ջրի պաշար, առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, դեղամիջոցներ, անձը հաստատող փաստաթուղթ),
2. զգուշացնել հարևաններին ազդարարման մասին,
3. հնարավորինս արագ տեղափոխվել մոտակա պաշտպանական կառույց։
Հ.Գ. Օդային տագնապի ազդանշանը լինում է նաև հաղորդագրության տեսքով, որի ժամանակ խնդրում ենք նույնպես հետևել նշված կանոններին և ամենայն լրջությամբ մոտենալ այդ ամենին անկախ ամեն ինչից՝ տագնապը ուսումնական է, թե իրական։
Հարգանքով՝
Վայքի համայնքապետարան