ԱՄՆ-ի և Չինաստանի իշխանությունները մեկ տարով կասեցրել են նավահանգստային վճարները, որոնք դարձել են երկու երկրի առևտրային վեճի հիմնական պատճառներից մեկը՝ հայտնել է Interfax-ը։
ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի գրասենյակը երկուշաբթի հայտարարել է, որ մեկ տարով դադարեցվում Է նախաքննությունը ՉԺՀ-ի նավաշինության ոլորտի նկատմամբ: Դրան հետևել է Չինաստանի տրանսպորտի նախարարության հայտարությունը, ըստ որի Պեկինն էլ իր հերթին մեկ տարով հետաձգում է սեփական միջոցառումները՝ համաձայն ԱՄՆ-ի հետ վերջին բանակցություններում ձեռք բերված համաձայնության:
Ըստ աղբյուրի՝ այս տարվա սկզբին Վաշինգտոնը հայտարարել էր Չինաստանի հետ կապված նավերի համար նավահանգստային վճարների ներդրման մասին՝ ծովային հատվածի նկատմամբ այդ երկրի վերահսկողությունը թուլացնելու և ԱՄՆ նավաշինության ոլորտին աջակցելու համար:
Այս միջոցները ձեռնարկվել են նախաքննության արդյունքում, որը ցույց է տվել, որ Չինաստանի գերիշխանությունը ծովային փոխադրումների, լոգիստիկայի և նավաշինության համաշխարհային շուկաներում ձեռք է բերվում անբարեխիղճ գործելակերպի միջոցով:
Չինաստանի իշխանությունները պատասխան միջոցներ են ձեռնարկել՝ հոկտեմբերի 10-ին հայտարարելով ամերիկյան նավերի համար նավահանգստային վճարներ սահմանելու մասին: Երկուշաբթի Չինաստանի տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ վճարները մեկ տարով կասեցվում են:
Ըստ մասնագետների՝ ԱՄՆ-ի և Չինաստանի կողմից նավահանգստային փոխադարձ վճարների ներդրումը սպառնում էր ապակայունացնել համաշխարհային ծովային փոխադրումները, բարձրացնել բեռնափոխադրումների դրույքաչափերը և խաթարել ապրանքների հոսքը, ներառյալ` հումքի հիմնական տեսակները, ինչպիսիք են նավթը:
Չինաստանի առևտրի նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ մեկ տարով կդադարեցնի նաև հարավկորեական նավաշինական հսկա Hanwha Ocean Co.-ի հինգ ամերիկյան դուստր ձեռնարկության նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին հոկտեմբերի 14-ին։



