«Նյուզ Մաքս»-ը պատրաստակամ է տեղեկատվական ոլո...

 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան «Նյուզ Մաքս» մեդիա հոլդինգի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Քրիստոֆեր Ռուդիին։

Վարչապետը ողջունել է վերջին շրջանում «Նյուզ Մաքս»-ի կողմից Հայաստանի նկատմամբ հետաքրքրության աճը և կարևորել հայաստանյան և ամերիկյան ԶԼՄ-ների միջև համագործակցության զարգացմանը միտված նախաձեռնությունները՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություն է երկու երկրների միջև փոխադարձ ընկալման ու փոխվստահության խորացման համար։ Հանդիպման համատեքստում ընդգծվել է, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայումս գտնվում են բարձր մակարդակի վրա և հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների, խաղաղության և անվտանգության համընդհանուր արժեքների վրա։

Քրիստոֆեր Ռուդին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ «Նյուզ Մաքս»-ը հետաքրքրված է Հայաստանի քաղաքական, տնտեսական և տարածաշրջանային գործընթացների լուսաբանմամբ։ Նա նշել է, որ մեդիա հոլդինգը կարևորում է Հայաստանի` խաղաղությանն ու կայունությանը միտված քայլերը և պատրաստակամ է տեղեկատվական ոլորտում արդյունավետ համագործակցության։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային տեղեկատվական միջավայրում Հայաստանի ներկայության ընդլայնման, պետական հաղորդակցության արդյունավետության բարձրացման և ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության հնարավորություններին։