Վաղը, իշխանությունը փոխվելու է․ Արդյոք օրինակ...

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրել է․

«Մնալու է ատելության խորը նստվածքն ու հարցեր։

Վերջին կես ամիսը Հայաստանի իրավապահ համակարգի Փաշինյանի կողմից «ազգայնացման» վերջնական փուլն էր։

Իրար հետևեցին ուղղորդված- հարուցված քրեական գործերը նույնիսկ իրավագիտության հետ կապ չունեցող մարդկանց մոտ լուրջ հարցեր են առաջացնում։ Առանձին դրվագներով դրանք զավեշտալի են։

Իհարկե կարելի է զանգվածային կալանավորել, իհարկե կարելի է Հ1-ով  մի քանի օր էլ պտտել  «հեղաշրջման պլանը», իրավապահների կողմից կտրած, կպցրած, գեներացրած ձայնագրությունները, առգրավված հատակ մաքրելու փայտերը, ծուխ արձակող պայթուցիկները, կրակված որսորդական փամփուշտները, մեջբերել կալանավորված Սամվել Կարապետյանի խոսքերը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարությունները։ Բայց դրանից հետո շոկն  ավարտվելու է, մնալու են ատելության խորը նստվածքն ու բազմաթիվ հարցեր.

  1. Դատելով իշխանության կողմից ներկայացվող սցենարից «հեղաշրջման պլանը» գծվում էր նախորդ տարվանից։ Հետևաբար ԱԱԾ-ն պետք է որ երկար ժամանակ օպերատիվ գործողություններ իրականացներ՝ բնականաբար ԱԱԾ ղեկավարի գլխավորությամբ։ Արդյունքում, Հայաստանի պետականության և ինքնիշանության «փրկման» օպերացիայից անմիջապես առաջ Աբազյանին հեռացնում են աշխատանքից, փոխարենը՝ առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնում պարգևատրման։ Բա եթե այդքան կարևոր և «պետականափրկիչ» օպերացիա են արել, ինչպես է ստացվում, որ ԱԱԾ ղեկավարին հեռացնում են, մյուսներին՝ պարգևատրում։ Եթե ամեն ինչ բացահայտել և խափանել է Աբազյանը, ապա մեդալի փոխարեն, ինչու եք հեռացնում։ Սա ակնյունաքարային հարց է։ Եվ եթե պատասխանը չի տրվում, ապա կարելի է մտածել, որ «հեղաշրջման պլանը» շատ փնթի ձևով և ոտի վրա գրվել է Աբազյանի հեռացումից հետո , թեև նրա օրոք ձեռք բերված նյութերի հիման վրա /հետևաբար նրան պարգևատրել, ասել է, թե պահել, այլևս  պետք չէր/։
  2. Փաշինյանը, հոգևորականների անձնական կյանքի մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, նշել է, տեղեկությունները ստացել է ԱԱԾ-ից՝ կապելով այն Բագրատ Սրբազանի քրեական հետապնդման հետ։ Մինչդեռ այդ տվյալները պետք է գաղտնի լինեն, Փաշինյանը քրեական հետախուզության բաժնի պետը չէ և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք:

Թե որտեղից է ստանում մյուս հոգևորականների անձնական կյանքի մասին տվյալներ, Փաշինյանը չի հստակեցրել։ Մնում է երկու տարբերակ եկեղեցու դեմ արշավի շրջանակներում՝ կա՛մ Փաշինյանը խախտում է Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի պահանջները, կա՛մ առաջնորդվում է բամբասանքներով։

  1. «Հեղաշրջման» գործով կամ ինչպես իրենք են հիմա անվանում «ռազմական հեղաշրջում» /լավ կլիներ մեկն իրենց բացատրեր, թե որն է ռազմական հեղաշրջման բնորոշումը/ առգրավված զենքերը, ըստ տարածված հաղորդագրությունների, օրինական են։ Ուրեմն հարց՝ արդյոք օրինական զենք ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացի պոտենցիալ ահաբեկիչ չէ՞, և արդյոք, նրանք բոլորը չեն գտնվում մեծ ռիսկի տակ։
  2. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նույնաբովանդակ հայտարարությունները մեկ տարի առաջ դատախազության կողմից ոչ իրավաչափ չեն դիտարկվել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեկ տարի անց դրանք դարձան ոչ իրավաչափ։

Երբ երկրում, հասարակությունում կա իշխանության հանդեպ ատելության հասնող լարվածություն, լուծումները մի քանիսն են՝

ա/հեղինակություն ունեցող անձանց կամ կառույցների կողմից հաշտեցում,

բ/ իրավականի քողով քաղաքական տեռոր,

գ/ իշխանության խաղաղ փոփոխություն ։

Եկեղեցին կարող էր լինել հեղինակություն ունեցող այն կառույցը, որ կարող էր ստանձնել հաշտեցնողի առաքելությունը։ Այսօր, սակայն, եկեղեցին է դարձել իշխանության գրոհի նշանակետը։ Սրան զուգահեռ իշխանություններն անցել են իրավաքաղաքական տեռորի։ Հետևաբար երկրում արմատական տրամադրությունները գնալով աճելու են։ Սա ոչ մի նորմալ մարդու չի կարող չանհանգստացնել։ Ուղղակի հիշեք, թե վերջին տարիներին քանի- քանի իբր «հեղաշրջման փորձ» է եղել,  որոնք  լուսաբանվել են իշխանական լրատվամիջոցներով, եղել են կալանավորումներ, հետո կամաց-կամաց մոռացության տրվել։

Վաղը, իշխանությունը փոխվելու է, նոր Հ1-ի լուրերը ցույց են տալու լրիվ ուրիշ մարդկանց ու մեկնաբանություններ, և մեղադրյալի աթոռին լինելու են լրիվ ուրիշ դեմքեր՝ ոմանք՝ պետական պարգևներ բաժանած, մյուսները՝ պետական պարգևներով»: