Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում շուրջ 70 մ...

Վաշինգտոնում մեկ գիշերվա ընթացքում 68 մարդ է ձերբակալվել հանցագործության դեմ պայքարի դաշնային միջոցառումների շրջանակներում։ Այս մասին X սոցիալական ցանցում արված գրառմամբ հայտարարել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին։

«Վաշինգտոնում ավելի քան 300 ձերբակալություն է գրանցվել, և դրանց թիվը շարունակում է աճել։ Միայն անցած գիշեր մեր դաշնային գործընկերները և Վաշինգտոնի իրավապահ մարմինները 68 ձերբակալություն են կատարել և առգրավել 15 ապօրինի զենք», - գրել է նա։

Բոնդին տեղեկացրել է, որ մեղադրանքներ են առաջադրվել սպանության մեջ կասկածվող քաղաքացիների, թմրանյութ վաճառողների և այլ հանցագործների դեմ։

Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր մայրաքաղաք Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարի նոր՝ ուժեղացված միջոցառումների մեկնարկի մասին։ Հայտարարվել էր, որ տեղական ոստիկանությունը անցնում է դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ։ Բացի այդ, Վաշինգտոն էին ուղարկվել Ազգային գվարդիայի զորքերը։