Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը բազմիցս իր մտահոգություն է հայտել հիմադրամի ֆինանսական մուտքերի հետ կապված: Դեռևս մարտի 22-ին՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո Մանուկյանը տեղեկացրեց, որ վարչապետի հայտարարած 35 000 ստվերային աշխատողների օրինական դաշտ գալը որևէ կերպ «չէր արտացոլվում» հիմնադրամի մուտքերում:
Հիմնադրամում դե-ֆակտո պետք է պրոեկտվեն հայտարարված, օրինական դաշտ բերված աշխատողների այդ թվերը՝ բազմապատկած 1000 դրամով` այսպիսով հավաստելով իրականության և վարչապետի խոսքերի համապատասխան լինելը:
Տևական ժամանակ արծարծվող այս թեմային ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապրիլի 26-ին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում՝ խոսելով 562 043 օրինական գրանցված աշխատողների մասին:
Այս առիթով Politik.am-ի հետ զրույցում ամիսներ առաջ Մեսրոպ Մանուկյանը հայտնել էր, որ հոգաբարձուների խորհրդի հուլիս ամսին կայանալիք հերթական նիստին մեծ ցանկություն կա տեսնել և հրապարակայանցնել, որ հայտարարված և ակնկալվող` 562 043 000 դրամ ամսեկան մուտքերն (Խմբ.՝ 562 043 աշխատողների թիվն է բազմապատկած 1000 դրամով) այլևս ապահով «հանգրվանում» են հիմադրամում:
Այսօր էլ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում ամփոփել է կայացած նիստի արդյունքներն ու նման գրառում արել.
«Պարո՛ն Փաշինյան, որքան էլ ցավալի` Դուք չե՛ք տիրապետում իրավիճակին: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հերթական` հուլիսին կայացած նիստի գործադիր տնօրենի հաշվետվությունից ակնհայտ է դառնում, որ Ձեր կողմից հայտարարված թվերը իրականության հետ որևէ աղերս չունեն: Դրանք մանիպուլատիվ են:
Հ.Գ. Կարծում եմ` պետական այն պաշտոնյան, ով վարչապետի նման անհարմար վիճակի մեջ է գցում, պետք է հրապարակայնորեն պատժվի:
Հ.Գ. Լավագույն ամիսը՝ մարտ 501 572 , վատագույն ամիսը՝ հունվար 433 962 օրինական աշխատողներ»,- գրել է նա:
«Այս պարագայում՝ համապատասխան տեղեկանք վարչապետին տվողը, կամ դրա տակ ստորոգրողը, եթե ապատեղեկատվություն տարածելու համար չպատժվի, ապա դա լրացուցիչ կասկածների տեղիք կտա: Հետևաբար կստացվի, որ այս թվերն իրապես մանիպուլատիվ են և հրապարակվում են ականջահաճո լինելու համար: Ինքս չեմ ուզում հավատալ, որ այդ գումարը հավաքագրվում և գրպանվում է»,- այսօր Politik.am-ի հետ զրույցում նման միտք հայտնեց Մանուկյանը:
Նկատենք, որ վարչապետի հայտարարած 562 043 օրինական գրանցված աշխատողների և հիմնադրամում արտացոլված տվյալների միջև շոշափելի տարբերություն կա: Համեմատելով վարչապետի նշած թիվը մարտ ամսվա՝ 501 572 գրանցված աշխատողների թվի հետ, որն ամենաբարձրն է նախորդ ամիսների համեմատ, տարբերությունը կազմում է 60.471:
Կից ներկայացնում ենք հիմնադրամի տնօրենի հաշվետվությունից տվյալներ, որոնք տեղադրված են Մեսրոպ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում.





