
Միայն օրերս կայացած երթին մասնակցած մարդիկ չեն, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը: Այս մասին Politik.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Թեհմինե Ենոքյանը՝ խոսելով սեպտեմբերի 11-ին Ազգային ժողովի այգուց՝ ի պաշտպանություն Ամուլսարի մեկնարկած երթի մասին:
Մեր զրուցակցի խոսքով՝ ակցիայի մասնակիցներն արտահայտում էին իրենց բողոքը՝ իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ.«Իշխանությանը երթի ընթացքում տրվել է 10 օր ժամանակ, որը լրանում է սեպտեմբերի 20-ին: Բնապահպանական խմբերը սեպտեմբերի 20-ը բնապահպանության օր են հայտարարել»:
Ենոքյանը վստահ է՝ անկախ իշխանության վարած քաղաքականությունից և բնապահպանների ու տեղացիների ակցիաներն ու հայտարարությունները ճնշելու հնարավոր փորձերից՝ հիասթափություն չի լինի, և Ամուլսարի շահագործմանը դեմ պայքարը կշարունակվի:
«Մարդիկ, տարուց ավելի է, պայքարում են իրենց իրավունքների համար, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում մեզ հաջողվել է բացահայտել շատ կեղծիքներ, ստեր ու հակասություններ պայմանագրերի մեջ, պայմանի խախտում: Այս ամենի մասին հանրությունը պետք է տեղյակ լինի: Էկոլոգիական ռիսկերը կան, բայց վարչապետը չի ցանկանում տեսնել և որոշում կայացնել՝ ըստ դրանց: Պարզ է, որ էկոլոգիական ռիսկերն առանց իրավական հիմնավորման չեն լինում: Վարչապետը նշում է, թե պետք է իրավական ճանապարհով լուծվի խնդիրը: Նա, սակայն, շրջանցում է Շրջակա միջավայրի նախարարության տված 13 կետերը: ՇՄԱԳ-ը ուժը կորցրած պետք է ճանաչվի՝ հենց միայն այդ 13 կետերը հաշվի առնելով: Ճշմարտությունը բացահայտված է, մնում է՝ տեսնող ու լսող լինի»,-ասում է Ենոքյանը:
Վերջինս հիշեցնում է՝ բնապահպանները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել վարչապետի հետ, բայց դրանք շատ դեպքերում կրել են ձևական բնույթ. «Վարչապետն ի վիճակի չէ լսել ոչ մի հիմնավորում: Դատապարտելի է, որ գործին առնչվող քրեական գործը չավարտված՝ փորձում են շահագործման համար «կանաչ լույս» վառել: Սա իրավական պետությանը հարիր գործելաոճ չէ: Վարչապետը չարաշահում է իր լիազորությունները: Եթե ամեն ինչ արդար ու իրավական ոլորտում է, թող թեկուզ ժամանակավոր դադարեցնեին կազմակերպության լիցենզիան, և նոր ՇՄԱԳ իրականացվեր»: