2026 թվականի հուլիսի 24-ի որոշմամբ Հակակոռուպցիոն դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը և արձանագրեց, որ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է։ Դատարանը հաշվի է առել Դավիթ Ղազինյանի՝ փաստացի քրեական վարույթի և ազատության պայմաններում դրսևորած պատշաճ վարքագիծը, ինչպես նաև արձանագրել է, որ Դավիթ Ղազինյանը 2026 թվականի հուլիսի 21-ից ունի ՀՀ ԱԺ պատգամավորի կարգավիճակ, որն անհամատեղելի է ազատության սահմանափակման հետ՝ ԱԺ համաձայնության բացակայության պայմաններում (հիմք ընդունելով ՍԴՈ-1619 որոշման հիմնավորումները)։ Դատական նիստի ընթացքում, առանց որևէ ողջամիտ տվյալի հաշվառման, Դատախազությունը պնդում էր ենթադրյալ խոչընդոտելու ռիսկի մասին և նույնիսկ որպես խափանման միջոց վարչական հսկողության դիտարկումը:
Այս տեսանկյունից հատկապես արժեքավոր է Դատարանի դիրքորոշումը վարչական հսկողություն խափանման միջոցի՝ ազատության սահմանափակման հանգեցնելու հնարավորության վերաբերյալ՝ հաշվի առնելով ՄԻԵԴ կայուն դատական պրակտիկայում ձևավորված մոտեցումները։ Նշվածի առնչությամբ Ջեյ-Փի փաստաբանական գրասենյակի (J-P Law Firm) առաջատար փաստաբաններից Հակոբ Կուրեղյանի կողմից մեկ այլ քրեական վարույթի շրջանակներում ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ է ընդունվել: Ակնհայտ է, որ այդ որոշումը սպասված է և նպաստելու է միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորմանը Հայաստանում խափանման միջոցների իրացման և դրանց նկատմամբ մոտեցումների տեսանկյունից։ Նշված իրավական կարևոր հարցը մանրամասն ներկայացվել և վերլուծվել է գիտական հոդվածի շրջանակներում, որը հրապարակվել է այս տարվա մայիսի 18-ին՝ ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրի 1(122)2026 համարում, որի հեղինակները հանդիսացել են ի.գ.թ. Արամ Վարդևանյանը, Հակոբ Կուրեղյանը և Վահագն Մարտիրոսյանը։
Վճռաբեկ դատարանի հնարավոր որոշումը չափազանց կարևոր կարող է լինել գործնականում վարչական հսկողության որպես ինտենսիվ խափանման միջոցի կիրառման և դրա ազդեցության տեսանկյունից: Միաժամանակ, հենց նշվածը ևս կարևոր առիթ է ընգծելու համար, որ Դատարանները չափազանց խստորեն վերաբերվեն կալանքի միջնորդություններին և հաշվի առնեն, որ տնային կալանքը կամ վարչական հսկողությունը ևս խիստ ու ինտենսիվ խափանման միջոցներ են, որոնք չեզոքացնում են ոչ պատշաճ վարքագծի հնարավոր ռիսկերը, իսկ կալանքը հենց իրապես բացառիկ դեպքերում է կիրառման ենթակա:



