Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 20–ի նիստում «Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշում կայացրեց։
«Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարվել է մրցույթ, որը տեղի է ունեցել 2025 թվականի հոկտեմբերի 7-ին։
Մրցույթին մասնակցելու համար գրանցվել էր երկու հավակնորդ՝ Ռուստամ Սահակյանն ու Արմեն Ծատուրյանը:
Մրցույթն անցկացնելու համար հրավիրվել է հոգաբարձուների խորհրդի նիստ, որին ներկա էին հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը։
Ռեկտորի ընտրությունը կայացել է մեկ փուլով։ Քվեարկության արդյունքում հոգաբարձուների խորհրդի անդամների ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ՝ Արմեն Ծատուրյանի օգտին «կողմ» են քվեարկել 13-ը, Ռուստամ Սահակյանի օգտին՝ 5-ը։
Արդյունքում, հոգաբարձուների խորհրդի անդամների գաղտնի քվեարկությամբ (13 կողմ) մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Միշայի Ծատուրյանն ընտրվել է Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում՝ 5 տարի ժամկետով:



