ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը «Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու մասին» համաձայնությունը հետ կանչելու մասին դիմում է ներկայացրել․
«Մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ մեր պետության գերխնդիրներից է անկախ, հաշվետու, կանխատեսելի արդարադատություն իրականացնող, հասարակության մեջ հեղինակություն վայելող և պրոֆեսիոնալ դատավորներով համալրված դատական իշխանության կայացումը:
Խնդիր, առանց որի լուծման պետությունը և հասարակությունը զարգացման որևէ հեռանկար չունեն: Այդ խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու ցանկությամբ է պայմանավորված եղել իմ կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվելու առաջարկը ընդունելը։ Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից և հետագա քննարկումներից ինձ համար ակնհայտ դարձավ, որ պատգամավորների մի մասի՝ Սահմանադրական դատարանի դերակատարության, Սահմանադրական դատարանի դատավորի ապաքաղաքականացվածության և անկախության վերաբերյալ մոտեցումներն ու պատկերացումներն իմ մոտեցումներին և պատկերացումներին համահունչ չեն, իսկ որոշ դեպքերում նաև ինձ համար անընդունելի։



