Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 22-ին տեսակապով մասնակցել է ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին։ Հայաստանից նիստին մասնակցում էին նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը։
Քննարկվել են ԵԱՏՄ-ում պարենային անվտանգության ապահովման ներկա վիճակին, խնդիրներին ու հեռանկարներին, գյուղատնտեսության ոլորտում նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակին, ԵԱՏՄ անդամ-երկրներում դաբաղի նկատմամբ կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։
«Ներկայումս Հայաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում գյուղատնտեսական արտադրանքի ինտենսիվացման, արդյունաբերականացման և ծավալների ավելացման ուղղությամբ։ Այդ նպատակով ընդունվել է ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թթ․ ռազմավարությունը, որում ներկայացված են գյուղատնտեսական քաղաքականության մեջ պետության հիմնական առաջնահերթությունները, սահմանված են առաջնային խնդիրներն ու ռազմավարության իրականացման գործողությունների պլանը», – նշել է Վահան Քերոբյանը։



