Հուլիսի 25-ին Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Կուսակցությունն այդ պահանջը հիմնավորում էր նրանով, որ Արցախի իշխանությունների թողտվությամբ են ընտրություններից մեկ տարի առաջ փաստացի քարոզարշավ սկսել նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը: Politik.am-ը «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր, Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանից հետաքրքվել է հայտարությանը հաջորդած զարգացումներ և Արցախի ներքաղաքական վիճակի մասին: Բադսյանի խոսքով՝ հայտարարությունից հետո իշխանությունների մոտ իրարանցում է սկսվել, եղել է բանավոր հարցում, թե ինչի համար են նման հայտարարություն տարածել, բայց ոչ պաշտոնական կերպով:
«Արցախում քաղաքական գործընթացներն այնքան խառն են, որ «թացը» «չորի» հետ խառնված է, շատ խճճված իրադրություն է: Այս իրավիճակը ստեղծվել է Հայաստանի թավշյա հեղափոխությունից հետո, երբ Արցախը Հայաստանի նոր իշխանությունների կողմից տարանջատվեց: Հայաստանի նոր իշխանությունները պետք է այդ հեղափոխությունը հասցնեին Արցախ, բայց չկարողացան, ավելին՝ ինչ-որ տեղ սատարվեց Բակո Սահակյանի բարեփոխումների ծրագիրը: Մի ծրագիր, որը գոյություն չունի: Սահակյանը բարեփոխումները կատարեց կադրային փոփոխությունների տեսքով: Մենք, իհարկե, ակտիվորեն կազմակերպեցինք հայտնի ընդվզումը, որով պահանջեցինք ուժային կառույցների հրաժարականը, որը հաջողվեց մեզ, սակայն դա միակն էր: Դրանով ավարտվեց, և Հայաստանի իշխանությունների կողմից հորդորվեց, որպեսզի թե՛ Բակո Սահակյանը կատարի պահանջները, թե՛ ցուցարարները գնան տուն: Բակո Սահակյանը կատարեց փոփոխություններր, բայց չարեց բարեփոխումներ: Արդյունքում, դա բերել է քաղաքական դաշտի լարման»,-նշում է Բադասյանը:
Բադասյանի խոսքով՝ քաղաքական դաշտի այդ լարմանը նպաստում են իրենց հայտարարության մեջ նշված երկու հայտնի անձնավորությունները, որոնք, Բադասյանի խոսքով, վաղաժամ՝ մեկ տարուց ավելի առաջ, փաստացի սկսեցին քարոզարշավ. «Դա բերում է ներքին լարվածության և հասարակության բևեռացման: Դրա համար կոչ ենք արել, որպեսզի դադարեցնեն քարոզարշավը: Իսկ այս իրավիճակի հիմնական պատասխանատուն իշխանությունն է: Իշխանութթյունը պետք է կանխեր և չթողներ քարոզարշավի իրականացումը»:
Մեր դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ եթե Հայաստանի իշխանությունները փորձեն հեղափոխությունը հասցնել Արցախ, դա կդիտվի Հայաստանի կողմից Արցախի ներքաղաքական կյանքին միջամտություն, Վահան Բադասյանը պատասխանեց.«Ոչ մի անգամ քաղաքական միջամտություն չի դիտվելու, ընդհակառակը՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ոչ միայն միջամտելու, այլև կարգավորելու Արցախի ներքին իրավիճակը, որովհետև Արցախում չի կարող և չպետք է ներքին լարված իրավիճակ ստեղծվի: Եթե ստեղծվի, միայն Հայաստանի հետ միասին: Արցախը չի կարող լինել առանձին պետություն: Պետք է կամաց-կամաց դուրս գանք այս ազգակործան կաղապարից: Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, ամբողջ իրավական համակարգը, դատական համակարգը, նույնիսկ ԶԱԳՍ-ն ու Կադաստրը մի ծրագրի մեջ են: Մեկ դրամական միջոց է, մեկ տնտեսական գոտի է, մեկ հարկային դաշտ, մեկ անձնագիր բոլորիս: Մենք նույն պետությունն ենք: Քաղաքական կույր գործիչներ կան, որ ասում են՝ պետք է Արցախը միջազգայնորեն ճանաչվի, նոր միայն միանա Հայաստանին: Այդպես են ասում նաև որոշ խորամանկ ու խարդախ գործիչներ՝ միայն նրա համար, որ Արցախն առանձին պետություն թողնելով՝ իրենք միշտ լինեն իրենց պաշտոններին: Արցախում կան ավելորդ պաշտոններ՝ նախագահական համակարգը, խորհրդարանը, կառավարության համակարգը, քաղաքական վարչությունները: Այս բոլորը ավելորդություններ են: Տարեկան մի քանի տասնյակ միլիոն դոլար ծախսվում է այս ավելորդ պաշտոնները պահելու համար: Եթե այդ գումարներն ուղղվեն Հայաստանի ու Արցախի տնտեսական զարգացմանը, ապա մենք թռիչքային զարգացում կունենանք: Եթե դու Արցախը պահում ես առանձին, այն դարձնում ես կռվախնձոր, իսկ սա ձեռնտու է միայն Ադրբեջանին, Թուրքիային և այն երկրներին, որոնք այստեղ խիստ շահադիտական նկատառումներ ունեն և վնասում են մեր անվտանգությանը: Մեր անվտանգության տեսանկյունից հարկավոր է աշխարհի նկատմամբ լինել անկեղծ և արագ կերպով ավարտել դե յուրե միացումը»:
Բադասյանի կարծիքով՝ երկու քաղաքական ուժեր փաստացի հակամարտում են աթոռների համար, բայց երկուսին էլ ժողովուրդը ժխտում է.«Մեր ժողովուրդը, որպեսզի լավ ապագա ունենա, պետք է ժխտի այդ ուժերին: Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը լավ գիտեն այս երկու գործիչների կենսագրություններն ու վերջին տարիների գործունեությունը: Սամվել Բաբայանը ստորագրություններ է հավաքել, բայց ստորագրողները՝ լինեն 10 000, 15 000, թե 25000, չեն կարող պնդել, որ պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրվելու իրավունք ունենա, բայց ընտրելու՝ ոչ: Բաբայանը կոստյում է կարում իր հագով: Նա պարզապես նպատակ ունի գրանցվել ու դառնալ թեկնածու, ընտրվել. մի հոգու համար Սահմանադրություն է փոխվում: Այն ժամանակ էլ Սերժ Սարսգյանի, Բակո Սահակյանի համար սահմանադրություն փոխեցինք: Մեր ժողովուրդը կանգնեց ճգնաժամի առջև: Հիմա նորից նույն բանն են փորձում կրկնել: Նշեմ նաև, որ այդ ստորագրողների մեծ մասը ստորագրել են ոչ թե Սամվել Բաբայանի համար, այլ հին իշխանությունների դեմ: Ես համոզված եմ, որ եթե փողոցի ընդվզում լինի, ստորագրողների չնչին մասը կմասնակցի»:
«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադրի խոսքով՝ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև լարվածության պատճառը Արցախի նախկին ու ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդություն ներկայացնելն էր: «Նրանք անարդարացիորեն Հայաստանի նոր իշխանության նկատմամբ կատարեցին հանցավոր որոշում՝ միջնորդելով փոխել Ռոբերտ Քոչարյանի կալանքը: Այստեղ հարց է ծագում՝ եթե առանձին պետություններ են, ինչպես է դատարանն ընդունում իրենց ներկայացրած միջնորդությունը»,-ասաց Բադասյանը:



