Աննա Հակոբյանն էլ է մասնակցել պատերազմին, և՞....

Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ «Քաղաքացիական պայմանագրի» և «Հայաստան» դաշինքի մասով գրեթե ամեն ինչ նույնն էր, և, կարծես, առանձնապես նոր ասելիք չկար․ յուրաքանչյուրը մնացել էր իր սովորական ռեպերտուարի շրջանակում։ Նորությունն «Ուժեղ Հայաստանն» էր, և շատերը սպասում էին տեսնել, թե Կարապետյաններն ում են բերել խորհրդարան։

Օրվա ընթացքում մեմ դարձավ «Ուժեղ Հայաստանի» երիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանի անհասկանալի և կտրուկ արձագանքը լրագրողի հարցին։ Երբ լրագրողը հետաքրքրվեց՝ «Դուք նախկին հանրապետակա՞ն եք», Մանուկյանը պատասխանեց. «Ես պատերազմում եմ կռվել։ Խնդրում եմ ինձ հետ հարգանքով խոսել»։

Նախ՝ անհասկանալի էր, թե ինչու է այդ երիտասարդը վիրավորական կամ անհարգալից համարում իր՝ նախկինում ՀՀԿ-ական լինելու փաստը հիշեցնելը։ Ի վերջո, նա եղել է ՀՀԿ-ի շարքերում և հենց այդ կուսակցությունից է անցել Սամվել Կարապետյանի թիմ։ Եթե այդ կենսագրական փաստն իրեն անհարմար է թվում, ապա դրա համար լրագրողը մեղավոր չէ։

Երկրորդ՝ ինչո՞ւ է նա կարծում, որ պատերազմի մասնակից լինելն ինքնին բավարար հիմք է, որպեսզի իրեն հարգեն։ Այդ տրամաբանությամբ նույնը կարելի էր ասել նաև Աննա Հակոբյանի մասին։ Նա նույնպես մասնակցել է պատերազմին։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ բունկերում գեներալներին բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերել։ Բայց արդյո՞ք միայն այդ հանգամանքը բավարար է, որպեսզի հասարակությունը պարտավոր լինի նրան հարգել կամ զերծ մնալ քննադատելուց։ Իհարկե՝ ոչ։

Ի վերջո, կան հազարավոր մարդիկ, որոնք չեն մասնակցել պատերազմին, ոմանք նաև չեն ծառայել բանակում։ Հիմա ի՞նչ, նրանք հարգանքի արժանի չե՞ն։ Իհարկե՝ արժանի են։ Մարդուն հարգում են նախ և առաջ նրա մարդկային և բարոյական հատկանիշների, ոչ թե միայն կենսագրության առանձին դրվագի համար։

Եթե երիտասարդ պատգամավորը կարծում է, որ պատերազմի մասնակցությունն իրեն ինքնաբերաբար անձեռնմխելի է դարձնում հանրային քննադատությունից կամ անհարմար հարցերից, ապա քաղաքականության մեջ նա շատ արագ կհամոզվի, որ հասարակությունն առաջնորդվում է այլ չափանիշներով։ Պատերազմում կռվելը մեծ արժանիք է, բայց հարգանքը չեն պահանջում, այն վաստակում են՝ ամեն օր։