Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բումեդիեն Գեննադին:

Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ Ձեր պաշտոնավարման տարիներին մեր երկու երկրների միջև հարաբերությունները կհասնեն ավելի բարձր մակարդակի` հիմնված ընդհանուր շահերի վրա:

Արաբական աշխարհի հետ բարեկամական հարաբերությունների սերտացումը եղել է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նորանշանակ դեսպանը նշել է, որ իր բոլոր ջանքերը կգործադրի տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության մեկնարկին և ամրապնդմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական մշակութային և այլ ոլորտներում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Այս համատեքստում շեշտվել է Հայաստանի և Ալժիրի միջև քաղաքական երկխոսության, տարբեր մակարդակի փոխայցելությունների խթանումը, ինչը նպաստավոր հիմք կարող է դառնալ ինչպես տնտեսական, այնպես էլ մշակութային, կրթական, գործարար և այլ ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային հարթակներում և կազմակերպություններում երկու երկրների համագործակցության սերտացումը: