Լրագրողների հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Արսեն Թորոսյանը անդրադարձել է պատերազմական օրերին Ստեփանակերտի ջրամատակարարման հետ կապված իմ բարձացրած խնդրին ու իրեն թույլ տվել անվայել արտահայտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը:
Նրա պատկերացմամբ փաստորեն ԱԱԾ աշխատակիցները, մասնագետներ չլինելով, պիտի որոշեին թե որտեղի՞ց, ի՞նչ եղանակով, պարբերականությամբ ու տարաներով ջրի նմուշառում անեին։ Ես հասկանում եմ, թե ինչու է նա մտածում, որ այդ գործն էլ պետք է բարձվեր մեր աշխատակիցների վրա՝ չէ՞ որ շատերի փոխարեն մեր տղաների ուժերով էին գիշեր-ցերեկ Արցախին մատակարարվում անհրաժեշտ տեխնիկա-տրանսպորտային միջոցներ, զենք, ռազմամթերք, սարքավորումներ, վրաններ, ընդհուպ հացի արտադրության վառարաններ, դիզելային շարժիչներ և այլն։
Պարզ է, որ նշյալ պաշտոնյայի կողմից այսկերպ էլ կազմակերպվել է համավարակի դեմ պայքարը։ Նման «փայլուն» աշխատանքի արդյունքում, զարմանում եմ, որ առ այսօր չեք արժանացել Հայաստանի ազգային հերոսի կոչման։ Իսկ գուցե և արժանացել ե՞ք ու պարզապես գաղտնի՞ եք պահում։
Ուզում եմ պարզապես ձեզ հուշել, որ ազգային անվտանգության ծառայությունում ցանկացած փաստի հիմքերը գիտեն պահպանել»,- ասված է հայտարարության մեջ:



