Ուզբեկստանում արտահերթ նախագահական ընտրությու...

Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը հրամանագիր է ստորագրել պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին  տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:

Այսօր ավելի վաղ Միրզիյոևն ստորագրել է սահմանադրական օրենք, որը պետության ղեկավարին թույլ է տալիս վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել: Սրանք առաջին նախագահական ընտրություններն են լինելու այն բանից հետո, երբ սահմանադրության մեջ ուղղումներ մտցվեցին պետության ղեկավարի լիազորությունների ժամկետը հինգից մինչև յոթ տարի երկարաձգելու նպատակով: Սահմանադրական օրենքի համաձայն՝ գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը, որը պաշտոնավարում է երկրորդ ժամկետով, կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում:

«Օգտվելով նորացված սահմանադրության 128-րդ հոդվածով երկրի նախագահին տրված լիազորություններից՝ ես ստորագրել եմ երկրորդ կարևոր հրամանագիրը: Դրա համաձայն՝ մեր երկրում նախագահական ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ», - հայտարարել է Միրզիյոևը խորհրդարանի պալատների, քաղաքական կուսակցությունների, դատական ​​և գործադիր իշխանությունների մարմինների ղեկավարների, ինչպես նաև հասարակայնության ներկայացուցիչների հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում։

Միրզիյոևն Ուզբեկստանի նախագահ է ընտրվել 2016 թ.-ի դեկտեմբերին կայացած արտահերթ ընտրություններում` պետության առաջին ղեկավար Իսլամ Քարիմովի մահից երեք ամիս անց: Վերջինս հանրապետությունը ղեկավարում էր 1989 թվականից։ 2021 թ.-ի հոկտեմբերին Միրզիյոևը, հավաքելով ձայների 80,12%-ը, վերստին հաղթանակ տարավ նախագահական ընտրություններում: