Դատարանի` խորհրդակցական սենյակից դուրս գալուց ժամեր առաջ ոստիկանության տարածած տեսանյութը ուղղակի կամ անուղղակի ճնշում կարող է լինել դատարանի նկատմամբ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Ոստիկանության` դեկտեմբերի 19-ի երեկոյան տարածած տեսանյութին, իբրև թե, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը հանդիպել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու հորդորել հրաժարվել ցուցմունքից` խոստանալով վճարել դրա դիմաց
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով որոշում կայացնելու: Այն կհրապարակվի դեկտեմբերի 20-ին:
«Ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը գտնվում է խորհրդակցկան սենյակում և ժամեր առաջ տեսանյութ է հրապարակվում, որտեղ ուղղակիորեն փորձում է շահարկվել Ռոբերտ Քոչարյանի անունը: Ի՞նչ նպատակ էր սա հետապնդում: Ինչու՞ հենց ժամեր առաջ, երբ դատարանը խորհրդակցական սենյակում էր: Պարզ է չէ՞, որ դատարանի նկատմամբ ճնշումները կարող են լինել ուղղակի և անուղղակի: Չէ՞ որ նման հարցերում պետական մարմինը պետք է ծայրահեղ զսպվածություն ցուցաբերի»,- ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ սա առաջին դեպքը չէ և դատավոր Դավիթ Գրիգորյանի՝ խորհրդակցական սենյակում գտնվելու ժամանակ ևս համանման իրավիճակ է գրանցվել ոչ թե ոստիկանության կողմից, այլ՝ մի փոքր այլ ձևով, սակայն իրավիճակը նույնն էր:
Բացի այդ՝ Վարդևանյանը նկատեց, որ տեսանյութն ակնհայտորեն մոնտաժված է և ոչ այդքան նոր ժամանակահատվածի է վերաբերում. «Առնվազն տպավորություն է, որ տեսանյութը նոր չէ: Ինչու է այն այսօր հրապարակվում: Իրավաչափ ի՞նչ նպատակ է հետապնդում», ասաց նա:
Մյուս կարևոր հանգամանքը, որին անդրադարձավ Արամ Վարդևանյանը, անմեղության կանխավարկածն է:
«Վերջերս, երբ ԿԳՄՍ փոխնախարարի ձերբակալման, այնուհետև կալանավորման ժամանակ, կարծես թե, բոլորի կողմից հիշատակվում է անմեղության կանխավարկածի հետ կապված հարցադրումը: Նույնն էլ այս դեպքում»,- նշեց Վարդևանյանը:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, որտեղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:



