Ուղիղ. Իսկ դու ո՞վ ես. Քոչարյանը` Փաշինյանին

Մեկ տարի է անցել 44-օրյա պատերազմից։ Պատերազմից, որը դարձել է ազգային աղետ հայ ժողովրդի համար։ Ծանր պարտությունը մի շարք հարցեր է առաջացրել և ցավոք այս մեկ տարվա ընթացքում որևէ հարցի տրամաբանված կամ ողջամիտ պատասխան մեր հանրությունը չի ստացել։ Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ուղղակի հարց է առաջանում՝ լու՞րջ, իսկ դու ո՞վ ես, դու ի՞նչ ես քեզանից ներկայացնում նման նպատակներ հնչեցնելուց ու նման նպատակներ հետապնդելու ժամանակ», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ ամենից զավեշտալին այն է, որ այսօր Նիկոլ Փաշինյանը բանակցային սեղանի շուրջ նստած չէ, այսօր նա բանակցային սեղանի վրա է․ «Քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցությամբ, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, դու արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»։

Նա նշեց, թե Նիկոլ Փաշինյանը չի կարող «խաղաղության դարաշրջան» բացել տարածաշրջանում, եթե չի կարողանում խաղաղության դարաշրջան հաստատել սեփական երկրում։

«Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, չոքած մարդն ուղղակի հոգնում է, չի ստացվելու, դու չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ», – նշեց ՀՀ երկրորդ նախագահը։