Ուրանի հարստացումից հրաժարումն Իրանի ատոմային...

Պայմանները, որոնք Միացյալ Նահանգներն առաջ է քաշել իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Իրանի հետ բանակցությունների ընթացքում, հակասում են իսլամական հանրապետության հիմնական սկզբունքներին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին:

«Գլխավոր սկզբունքը, որը պաշտպանում է մեր շահերը, «մենք կարող ենք» սկզբունքն է: Նույնիսկ Օմանի միջնորդությամբ միջուկային բանակցությունների վերջին դեպքում ԱՄՆ բոլոր առաջարկները 100%-ով հակասում են այդ սկզբունքին», - ընդգծել է նա Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնիի մահվան 36-րդ տարելիցի կապակցությամբ իր ելույթում: 

Ինչպես հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդը, ուրանի հարստացումից հրաժարումն Իրանի ատոմային արդյունաբերությունը կդարձնի անօգուտ և երկիրը կախվածության մեջ կդնի այլ երկրներից:

«Միջուկային արդյունաբերությունն անօգուտ է առանց ուրանի հարստացման հնարավորության, քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք ձեռքներս մեկնած կանգնել ատոմակայանների կառուցման համար», - ասել է նա:

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ ապրիլի 12-ից ի վեր բանակցությունների հինգ փուլ են անցկացրել՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար: Մայիսի 23-ին Հռոմում կայացել է բանակցությունների վերջին փուլը, որից հետո կողմերը «պայմանավորվել են մոտ ապագայում կրկին հանդիպել»։